Բաժիններ՝

«Մաքսիմ Մանուկյանի և Արթուր Ալեքսանյանի հնարքներն այս առաջնությունում ճանաչվեցին ամենագեղեցիկը». Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ամփոփել է Հայաստանի մասնակցությունն Աշխարհի առաջնությանը:

Ըստ Լևոն Ջուլֆալակյանի՝ մեր ըմբիշների ելույթները ստացված են: Մարզիչը մեդալներն ու հաղթանակները համարում է գերազանց արդյունք:

Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ Արթուր Ալեքսանյանի վրա Եվրոպայի առաջնությունից հետո կար հսկայական ճնշում, սակայն Արթուրը կարողացավ ապացուցել, որ լավագույնն է իր քաշային կարգում:

Խոսելով Մաքսիմ Մանուկյանի մասին՝ Լևոն Ջուլֆալակյանը նշում է, որ Մաքսիմ Մանուկյանը բոլոր մենամարտերն անցկացրեց մեկ շնչով:

«Բոլորը հիացած էին: Մաքսիմի հնարքներից հետո Ըմբշամարտի համաշխարհային միությունը  գուցե հրաժարվի փոխել ներկայիս կանոնները: Բայց նման տաղանդներ քիչ են լինում: Մաքսիմ Մանուկյանի և Արթուր Ալեքսանյանի հնարքներն այս առաջնությունում ճանաչվեցին ամենագեղեցիկը»:

Լևոն Ջուլֆալակյանը խոսել է նաև մեր մյուս մարզիկների մասին: Հավաքականի մարզչի խոսքով՝  59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը շատ հեռանկարային  մարզիկ է, սակայն պետք է շատ աշխատի:

66 կգ Կարեն Ասլանյանի գոտեմարտերից Լևոն Ջուլֆալակյանը գոհ է: Կարեն Ասլանյանը 5-րդն էր աշխարհի առաջնությունում:

«Վարշամ Բորանյանից դժգոհ եմ, քանի որ նրանից մեդալ էի սպասում: Նա կարող էր, պատրաստ էր:  Արթուր Շահինյանը լավ հանդես եկավ առաջին գոտեմարտում:  Վազգեն Խաչատրյանը դեռ շատ երիտասարդ է և աճելու տեղ դեռ շատ ունի»,- նշել է Լևոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե մեդալ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս