10 միլիոն դոլար՝ Հայաստանի ՓՄՁ ոլորտի կին գործարարների վարկավորման նպատակով
Հայաստանյան Արարատբանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 10-ամյա համագործակցությունը երեկ ամրապնդվեց հերթական գործարքով։ ՎԶԵԲ-ը 10 մլն դոլար ընդհանուր արժեքով 2 վարկ է տրամադրում Արարատբանկին, որի օգնությամբ վերջինս կկարողանա բավարարել տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ների) ֆինանսավորման աճող պահանջարկը, հատկապես գյուղական վայրերում և ձեռներեց կանանց շրջանում:
Վարկային համաձայնագիրը ստորագրվեց երեկ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ և գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի և ՎԶԵԲ-ի նախագահ՝ Սումա Չակրաբարտիի կողմից։
Կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին բիզնեսների (ՓՄՁ-ների) հետագա վարկավորման համար այս վարկը տրամադրվում է ՎԶԵԲ-ի՝ Կանայք բիզնեսում ծրագրի ներքո, որը ներառում է ԵՄ Արևելյան գործընկերության երկրները` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:
ՎԶԵԲ-ի Կանայք բիզնեսում ծրագիրը ստեղծվել է՝ ամրապնդելու տնտեսության մեջ կանանց դերը, և մինչ օրս հաջողությամբ իրականացվել է 25 երկրներում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում: Այն հասանելի է դարձնում ֆինանսավորումը՝ տեղական բանկերին տրամադրելով վարկային գծեր, իսկ ձեռներեց կանանց և կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ բիզնես խորհրդատվություն, վերապատրաստում և աջակցություն:
Ծրագիրը համատեղում է ֆինանսավորումը, տեխնիկական օժանդակությունը, ռիսկերի նվազեցումը` ծածկելով տեղական ֆինանսական հաստատությունների առաջին կորուստը, ինչպես նաև բիզնես խորհրդատվական ծառայություններ է տրամադրում՝ աջակցելու կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին: Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի և Լյուքսեմբուրգի ու Շվեդիայի կառավարությունների կողմից:
Սումա Չակրաբարտին իր խոսքում ընդգծեց, որ այս գործարքը ընդգծում է ՎԶԵԲ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ամբողջ տարածքում մասնավոր բիզնեսի զարգացմանը և ձեռներեց կանանց վարկավորման խթանմանը։ «Լավ աշխատող մասնավոր հատվածը առողջ տնտեսության հիմքն է: Համոզված եմ, որ այս վարկային գիծը, ինչպես նաև մեր՝ Կանայք բիզնեսում թիմի կողմից լրացուցիչ խորհրդատվությունը, նոու-հաուն և ոչ ֆինանսական աջակցության ծառայությունները կօգնեն ձեռներեց կանանց՝ իրենց բիզնեսը մեծացնել և բարգավաճել», – ասաց նա:
Աշոտ Օսիպյանն իր հերթին հավելեց, որ բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը: Ըստ Աշոտ Օսիպյանի, Արարատբանկի երկարամյա համագործակցությունը այս հեղինակավոր միջազգային կառույցի հետ բազմակողմանի դրսևորումներ ունի՝ ֆինանսական միջոցների ներգրավում, խորհրդատվություն, բանկին և բանկի հաճախորդներին տեխնիկական աջակցության տրամադրում և այլն. «Գործարար կանայք, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսը միշտ եղել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ուշադրության կենտրոնում, իսկ այս ծրագիրը նոր հնարավորություն է նրանց բիզնեսը խթանելու և երկրի տնտեսության մեջ հավելյալ արժեքներ ստեղծելու առումով»:
Աշոտ Օսիպյանը անդրադարձավ նաև այն կարծրատիպին, որ բիզնեսում տղամարդիկ ավելի հաջողակ են, իսկ կանայք՝ ոչ այնքան, ինչը ռիսկային է դարձնում նրանց տրամադրվող վարկերը։ «Ձեռներեց կանայք միշտ եղել են Արարատբանկի ուշադրության կենտրոնում: Կանայք պատասխանատու վարկառուներ են, և մենք մեր պորտֆելում մինչ օրս որևւէ խնդիր չենք ունեցել կին հաճախորդների հետ»,- ասաց բանկի ղեկավարը:
Նա ընդգծեց, որ նախատեսում են կին գործարարների վարկավորումը իրականացնել 11% իրական տոկոսադրույքով և ՀՀ դրամով։ Այսինքն, տոկոսադրույքի բեռը թեթև է, և գործարարները ռիսկեր չեն կրի վարկը մարելիս:
Ս. Չակրաբարտին նույնպես հավաստիացրեց, որ տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ կին գործարարներին տրամադրված վարկերը պակաս ռիսկային են և վերադարձելիությունը ավելի բարձր է։
Արարատբանկը անցած տարի բանկը ձեռք բերեց «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» բանկը՝ դրանով է՛լ ավելի ամրապնդելով իր դիրքերը բանկային համակարգում և մեծացնելով վարկավորման հնարավորությունները։ Բանկի նշանակալից մասնակիցներն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն (64.24%), Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (25%) և «Ռուռալ Իմպուլս» հիմնադրամը (10%)։
ՎԶԵԲ-ը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1992 թվականին և այդ ժամանակվանից ի վեր երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում 153 ծրագրում ներդրել է 1.11 մլրդ եվրո, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: