ՀՀԿ-ում ծանր են տանում Արծվիկ Մինասյանի որոշումը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ծանր են տանում, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը որոշել է ազատվել իր տեղակալ, ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Հակոբյանից, իսկ ՀՀԿ-ական իշխանությունը չի միջամտում:
«Եթե անգամ ինչ-ինչ չարաշահումներ գտած լինի Արծվիկը, դաշնակցականները չպետք է հանրապետականների հախից գան, վարչապետն էլ անտարբեր նայի»,- ասաց մեր զրուցակիցը: Նա հայտնեց նաեւ, որ Մինասյանն առաջարկել է փոխնախարարին կամովին դիմում գրել՝ գնալ, բայց այդ հարցն իր որոշելու տիրույթում չէ՝ հիմա բոլորն սպասում են վերադասի որոշմանը:
2012 թվականից փոխնախարար աշխատող Խաչիկ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե աշխատանքից ազատման դիմում գրել է:
«Ես աշխատանքից ազատման դիմում չեմ գրել»:
Իսկ ճիշտ են տեղեկությունները, որ լարված հարաբերություններ ունեք նախարար Արծվիկ Մինասյանի հետ:
«Հրապարակ» օրաթերթը միշտ շատ լավ քաջատեղյակ է եղել իմ նվիրված աշխատանքի մասին, ես միշտ եղել եմ ծառայողի կարգավիճակում իմ գործի հանդեպ եւ շարունակում եմ նույն ձեւով աշխատել: Բնականաբար, կարող են լինել տարբեր ընկալումներ, տարբեր մեկնաբանություններ եւ համապատասխան եզրահանգումներ:
Այս պահի դրությամբ ասեմ, որ շարունակում եմ նույն ձեւով աշխատել: Աշխատանքային տարաձայնություններ միշտ լինում են»: Իսկ առաջիկայում ազատման դիմում գրելու ծրագրեր չունեք:
«Իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է՝ առաջադրված կուսակցության կողմից:
Երբ որ որոշում կփոխվի, եւ որոշման մասին իմ կուսակցությունն ինձ կիրազեկի, կամ հանրապետության վարչապետը համապատասխան հանձնարարություն կտա, ես, շնորհակալություն հայտնելով, բնականաբար, կհեռանամ: Այս պահին չկա նման ցուցում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: