Ռախոյը Կատալոնիայի հանրաքվեն որակել է խաբեբայություն և անհեթեթություն
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ այսպես կոչված անկախության հանրաքվեն, որը Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, խաբեբայություն է եւ անհեթեթություն։
«Նրանք (Կատալոնիայի իշխանությունները) չեն կարող հանրաքվե անցկացնել, քանի որ նրանք դրա համար համապատասխան իրավասություն չունեն. դա նրանց չի տրամադրում ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ որեւէ օրենք: Ամբողջ Իսպանիայի հարցը չի կարող լուծել Իսպանիայի միայն մի մասը՝ մնացածներին զրկելով իրենց երկրի վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքից»,-հայտարարել է Ռախոյը՝ հանդես գալով Ժողովրդական կուսակցության ղեկավարող խորհրդի առջեւ:
«Չի կարող գոյություն ունենալ ժողովրդավարական կառավարություն, որը պատրաստվում է խախտել հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, դա ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեցող անհեթեթություն է եւ խաբեբայություն»,-հավելել է կաբինետի ղեկավարը:
Նրա խոսքով՝ մեկ օրվա ընթացքում, առանց համապատասխան քննարկումների եւ մեկ ընթերցմամբ հանրաքվեի օրենքի շուրջ քվեարկություն անցկացնելու կատալոնիական իշխանությունների պլաններն անօրինական են: «Դա մեկն է այն անհեթեթությունների շարքում, որոնց ականատեսն ենք մենք դարձել վերջին ժամանակներս: Նրանք ցանկանում են ընդունել անլեգալ օրենք, անցկացնել անօրինական հանրաքվե՝ ընդդիմությանը զրկելով բանավեճերի իրավունքից, ինչը չի եղել 1977 թվականից ի վեր»,-ասել է Իսպանիայի վարչապետը:
Նրա խոսքով՝ ի պատասխան կառավարությունը կգործի «համամասնորեն եւ խելացի, հանգիստ ու վճռական»: «Իսպանիան իրավական պետություն է, այստեղ օրենքները կատարվում են»,-ասել է նա:
Մինչդեռ կատալոնցիների կեսից ավելին անհրաժեշտ է համարում Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախության հանրաքվեի անցկացումը, որը երկրի կենտրոնական իշխանությունները դիտարկում են որպես անօրինական: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն SocioMռtrica սոցիոլոգիական ծառայությունն անցկացրել է El Espaրol ինտերնետ-հրատարակության համար:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ Կատալոնիայի հարցված բնակիչների 55 տոկոսը պաշտպանում է հանրաքվեն, որն իսպանական այս ինքնավար հանրակցության իշխանությունները մտադիր են անցկացնել հոկտեմբերի 1-ին, 39,8 տոկոսը դեմ է, եւս 5,3 տոկոսը հստակ դիրքորոշում չունի:
Իսպանիայում ընդհանուր առմամբ հանրաքվեի անցկացման օգտին հանդես է գալիս բնակչության 15,4 տոկոսը, դեմ՝ 70,6 տոկոսը, հստակ դիրքորոշում չունի 14 տոկոսը: Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է հրատարակությունը, մյուս հարցումների համաձայն, հանրաքվեի պաշտպանությունը Կատալոնիայում էլ ավելի բարձր է. այսպես, Հասարակական կարծիքի ուսումնասիրման կատալոնական կենտրոնը հաշվել է, որ հանրաքվեի անցկացումը պաշտպանում է ինքնավար հանրակցության բնակիչների 71 տոկոսը:
Ոչ միայն Կատալոնիայի, այլեւ Իսպանիայի բնակիչների նշանակալի մասն ընդհանուր առմամբ կարծում է, որ Մարիանո Ռախոյի կառավարությունը չի կարողանա կանխել քվեարկության անցկացումը. իսպանացիների 33,5 տոկոսն այն կարծիքին է, որ այն կկայանա, եւս 17,2 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: Կատալոնիայում այդ հարցին դրական է պատասխանել հարցման մասնակիցների 55,4 տոկոսը: Կատալոնիայի իշխանությունները Իսպանիայից անկախության շուրջ հանրաքվեն պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին: Հարցը ձեւակերպված է այսպես. «Ցանկանում եք դուք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ կառավարման հանրապետական ձեւով»: Երկրի կենտրոնական իշխանությունները քվեարկության անցկացումը համարում են անօրինական, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: