«Կոուտինիոյի հետ կապված վիճակը տարբերվում է Դեմբելեի իրավիճակից». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ակումբը պահպանել է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին, քանի որ նրան վաճառելու մտադրություն չի ունեցել:
«Բարսելոնայի» ամառային գլխավոր տրանսֆերային նպատակներն էին Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեն և «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն:
Արդյունքում՝ «կապտանռնագույններին» հաջողվեց ստորագրել միայն Դեմբելեին և, ըստ Յուրգեն Կլոպի խոսքերի՝ նրանք շանս չունեին ստանալու «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպանին:
«Մեր իրավիճակը՝ Կոուտինիոյի հետ, և «Դորտմունդի» իրավիճակը՝ Դեմբելեի հետ, տարբերվում են: «Դորտմունդը» որոշեց, որ Ուսմանը պետք է հեռանա թիմից, և վաճառեց նրան: Իսկ մենք չէինք պատրաստվում վաճառել Ֆիլիպեին, և ամեն ինչ վերջացավ հենց այնպես, ինչպես մենք ուզում էինք: Մեր կազմում մնաց գերազանց ֆուտբոլիստ, ով պատրաստ է խաղալ»,- ասել է Կլոպը:
Ավելի վաղ հաղորդվեց, որ «Լիվերպուլը» ձմռանը դեռ կարող է վաճառել Կոուտինիոյին «Բարսելոնային»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը