Ում հետ է նշանադրվում Ճապոնիայի արքայադուստր Մակոն
Արքայադուստր Մակո Ակիսինոն՝ Ճապոնիայի Ակիհիտո կայսեր թոռնուհին, պաշտոնապես հայտարարել է իր ուսանողական ընկերոջ հետ նշանվելու մասին, տեղեկացնում է BBC-ին: 25-ամյա արքայադստեր ընտրյալը դարձել է նրա հասակակից Կեյ Կոմուրոն՝ իրավաբանական ֆիրմայի աշխատակից, որի հետ նա հինգ տարի առաջ ծանոթացել էր Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում:
Զույգը նշանադրության մասին հայտարարել է այդ կապակցությամբ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում, որն անցկացվել է սեպտեմբերի 3-ի երեկոյան: Արքայադուստր Մակոյի խոսքով՝ ապագա ամուսնու մեջ իրեն գրավել է «արեւային ժպիտը»:
Ամուսնությունը հավանության է արժանացել կայսեր կողմից, սակայն մեզալյանսն արքայադստեր համար կնշանակի տիտղոսի կորուստ:
Ճապոնիայի օրենսդրությունը կայսերական դինաստիայի տղամարդկանց չի սահմանափակում կին ընտրելու հարցում, սակայն նույն այդ ընտանիքի կանանց համար նախատեսված են այլ կանոններ:
«Ես մանկուց գիտեի, որ ամուսնությունից հետո կորցնելու եմ իմ կարգավիճակը,-պատմել է արքայադուստրը:-Ու թեեւ ես օգնում էի կայսերը, եւ ինքս որպես կայսերական ընտանիքի անդամ իմ հնարավորությունների չափով կատարում էի պաշտոնական պարտականություններ, ինձ համար նաեւ շատ թանկ է իմ սեփական կյանքը»:
25-ամյա արքայադուստրն արքայազն Ակիսինոյի ավագ դուստրն է եւ Ակիհիտո կայսեր առաջին թոռնուհին:
Անցյալ տարի նա դոկտորանտուրայի քննություններ է հանձնել Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում: