Բաժիններ՝

Հարցումը Մակրոնի ժողովրդականության վարկանիշի անկում է արձանագրել երկրորդ ամիսն անընդմեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն ամսվա ընթացքում վերստին ընկել է՝ 36 տոկոսից իջնելով մինչեւ 30 տոկոս: Այդ մասին վկայում են Huffington Post թերթի եւ Cnews հեռուստաալիքի համար YouGov հասարակական կարծիքի ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները:

Օգոստոսի սկզբին հարցման արդյունքները ցույց էին տվել, որ Մակրոնի ժողովրդականության վարկանիշը կազմել է 36 տոկոս՝ ընկնելով 7 տոկոսային կետով: YouGov-ի հարցման ընթացքում մասնակիցներին առաջարկվել էր պատասխանել հետեւյալ հարցին. «Ի՞նչ կարծիք ունեք Էմանուել Մակրոնի՝ որպես Ֆրանսիայի նախագահի գործողությունների վերաբերյալ»: Հարցվածների 30 տոկոսը պատասխանել է, որ դրական վերաբերմունք ունի նրա գործողությունների նկատմամբ, 54 տոկոսը՝ բացասական:

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի վերաբերյալ դրական է արտահայտվել հարցվածների 32 տոկոսը, բացասական վերաբերմունք է հայտնել 47 տոկոսը (անցած ամսվա համեմատությամբ նրա վարկանիշը նվազել է 5 տոկոսային կետով): Ինչպես գրում է թերթը, պետության եւ կառավարության ղեկավարների ժողովրդականության վարկանիշը շարունակում է կտրուկ անկումը:

Հարցումն անցկացվել է օգոստոսի 28-29-ին: Դրան մասնակցել է 18 եւ ավելի բարձր տարիքի ավելի քան հազար մարդ: Արդյունքների անճշտությունը կազմում է 1,4-ից մինչեւ 3,1 տոկոսային կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս