«Ամբողջովին ինքնիշխան պետություն աշխարհում չկա, բոլոր երկրներն էլ ստիպված են միմյանց հետ հաշվի նստել, ներառյալ՝ ԱՄՆ-ը». Ա. Իսկանդարյանը՝ Ռիչարդ Միլսի հայտարարության մասին

«ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նոր համանախագահը բավականին փորձառու մարդ է, աշխատել է տարբեր կոնֆլիկտների հետ, բայց անձերի փոփոխությամբ պայմանավորված՝ արցախյան խնդրի կարգավորման հարցում լուրջ փոփոխություններ սպասել պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ արցախյան հարցի կարգավորման գործընթացը նման է կաղամբի, քանի որ իրար վրա են դրվում մեծ քանակությամբ ոլորտների բալանսի պահպանումը. «Տնտեսական բալանս, քաղաքական բալանս, զինված ուժերի բալանս, և այլն։ Հետևաբար՝ մեկ մարդու փոփոխությունով այդ բոլոր հարցերը լուծել հնարավոր չէ»։

Քաղաքագետը նկատում է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ունիկալ է, քանի որ, օրինակ՝ ԱՄՆ-ՌԴ լարված հարաբերությունների ֆոնին աշխարհում նմանատիպ այլ գործընթաց չկա, որտեղ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը համագործակցում են. «Դա մի փոքր նման է Աֆղանստանին, որտեղ ԱՄՆ-ը ու ՌԴ-ն համագործակցում են, բայց այնտեղ ֆորմալ գործընթաց չկա։ Այն ունիկալ է, բայց դրա դերը գերագնահատել էլ պետք չէ։ Հաճախ թերթերում կարդում եմ, որ նրանք ոչինչ չեն անում, բայց դրա համար աշխատավարձ են ստանում, և այլն։ Բայց լուրջ չէ՝ այդպես խոսել։ Մյուս կողմից էլ՝ գերագնահատել պետք չէ դրա դերը։ Արցախյան հարցը չի համարվում այդ երեք գերտերությունների քաղաքական օրակարգի առաջնահերթությունը։ Դրա համար սպասել, որ համանախագահի փոփոխությունից որևէ բան կփոխվի, պետք չէ»։
Այնուամենայնիվ, նա նկատեց, որ Ադրբեջանի վրա որոշակի ճնշում գործադրվում է։

Լրագրողների հարցին՝ ի՞նչ էր նշանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությունը, թե իրենց նպատակն է՝ համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, նա այսպես պատասխանեց. «Մեր երկրի դեսպանները ժամանակ առ ժամանակ հայտարարություններ են անում։ Երբեմն այդ հայտարարությունները տարբեր են լինում, և ԱՄՆ դեսպանն առաջին անգամ չէ անում հայտարարություն, որը բավականին աղմկոտ է արտացոլվում մամուլում։ Դա ուղղակի նրա համար է, որ նա ԱՄՆ-ի դեսպանն է։

Ինչ վերաբերում է ինքնիշխանության հարցին, ապա ամբողջովին ինքնիշխան պետություն աշխարհում չկա, բոլոր երկրներն էլ ստիպված են միմյանց հետ հաշվի նստել, ներառյալ՝ ԱՄՆ-ը։ ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի կարծիքը։ Հայաստանը, իհարկե, հաշվի է առնում իր շուրջ եղած մեծ պետությունների կարծիքը, և ինչ-որ հայտարարությամբ դա կտրուկ փոխել հնարավոր չէ։ Հայաստանի ինքնիշխանությունն արտահայտվում է ոչ թե նրանում, որ նա որևէ մեկից կախված չէ, քանի որ նման երկրներ չկան, այլ նրանում, որ նա որոշում է, թե որ երկրների կամ ուժերի որ հետաքրքրությունները պետք է հաշվի առնել՝ սեփական քաղաքականության ժամանակ»։

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռիչարդ Միլսն ասել էր. «Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշումների չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»։

Տեսանյութեր

Լրահոս