«Եթե Դեմբելեի գործողությունների հետևում կանգնած է «Բարսելոնան», ապա ես նրանց այլևս չեմ հարգում». «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնես
Մյունխենում չեն խրախուսում կատալոնացիների գործողությունները:
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը կիսվել է Ուսման Դեմբելեի՝ դեպի «Բարսելոնա» հնարավոր տրանսֆերի վերաբերյալ կարծիքով:
«Եթե Դեմբելեն լիներ «Բավարիայի» ֆուտբոլիստ, ապա կտուգանվեր մեկամսյա աշխատավարձի չափով: Մարզման յուրաքանչյուր բացակայության համար նա կվճարեր 100 հազար եվրոյի չափով տուգանք և այդպես՝ մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը:
Եթե Դեմբելեի գործողությունների հետևում կանգնած է «Բարսելոնան», ապա ես նրանց այլևս չեմ հարգում: Դրդել ֆուտբոլիստին պայմանագրի լուծարման՝ ստորություն է: Բայց եթե «Բորուսիան» նրա համար ստանա 130 մլն եվրո կամ նույնիսկ ավելի շատ, այդ ժամանակ ակումբը հաղթած կլինի, որովհետև Դեմբելեն շատ ավելի քիչ արժե»,- հայտարարել է Հյոնեսը Eurosport-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» պատրաստ է Դեմբելեի համար վճարել ավելի քան 100 մլն եվրո:
2016թ. ամռանը «Բորուսիան» ձեռք է բերել Դեմբելեին «Ռենից» 15 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը