«Պարադոքս. տղամարդիկ պարզապես պաշտում են այն կանանց, ում մեջ սատանա կա նստած»
30 տարվա աշխատանքային ստաժով գործող հոգեբան Միխայիլ Լաբկովսկու առողջ ցինիզմն անտարբեր չի թողնում ոչ ոքի: Բայց պետք է ընդունել, որ նրա մտքերի թվացյալ կտրուկության մեջ կան շատ ճշմարիտ իրողություններ:
Եվ այսպես`
1. Ոչ ոքի պետք չէ նա, ով ինքն իրեն պետք չէ: Իսկ նա, ով իրեն ընդունում է՝ ինչպիսին որ կա, ապրում է լիարժեք կյանքով` անկախ անընդհատ ծագող կենցաղային խնդիրներից:
2. Եթե ամենախելահեղ սեքսը ձեզ մոտ պատահում է վեճից ու կռվից հետո, ապա մի շտապեք ուրախանալ: Դա երկար չի տևելու. շուտով մնալու են միայն վեճերն ու կռիվները:
3. Եթե որևէ տղամարդու հետ Ձեզ լավ չեք զգում 1-ին, 2-րդ, 3-րդ ժամադրության ժամանակ, մի նշանակեք 4-րդը, քանի որ սկզբնական հանդիպումների ժամանակ տղամարդն աշխատում է իրեն դրսևորել լավագույն կողմերով, և, եթե Ձեզ արդեն իսկ այնքան էլ հաճելի չէ այդ հանդիպումների ընթացքում նրա կողքին գտնվելը, ուրեմն վերջ տվեք այդ թատրոնին. միևնույն է, այդ հարաբերություններից ոչ մի լավ բան դուրս չի գա:
4. Մարդկանց չեն սիրում նրա համար, որ նրանք կարող են ճկվել: Պարադոքս է, բայց փաստ, որ տղամարդիկ պարզապես պաշտում են այն կանանց, ում մեջ սատանա կա նստած:
5. Ինքնախաբեություն է մտածել, որ երիտասարդ, հաջողակ և գեղեցիկ կանայք երբեմն միայնակ են, որովհետև ընտրություն կատարելիս չափազանց բարձր նշաձող են սահմանում: Իրականում դա հարաբերություններ կառուցելու անկարողությունից է և դրանց նկատմամբ վախից:
6. Հիմնականում մենք սխալմամբ սերը չափում ենք տառապանքի մակարդակով, այնինչ առողջ սիրո ցուցիչը երջանկությունն է:
7. Եթե Դուք ուզում եք ամուսնանալ, ապա պետք է դադարեք այդ մասին մտածել: Սիրելու կարիք ունեցեք, սիրեք, և միայն այդ ժամանակ ինքնաբերաբար կստացվի նաև ամուսնությունը:
8. Առողջ մարդիկ միշտ ընտրում են իրենք իրենց, իսկ նևրոտիկները` ի վնաս իրենց հարաբերությունները, և սա է ամենագլխավոր տարբերությունը նրանց միջև:
9. Երբեք մի շփվեք ամուսնացած տղամարդկանց հետ: Ժամանակ մի կորցրեք: Ամուսնացած տղամարդուն կին պետք չէ. մեկն արդեն նա տանն ունի:
10. Եթե ուզում եք ամուսնանալ, հանդիպում եք ինչ-որ մեկի հետ կամ արդեն բավական ժամանակ ապրում իրար հետ, և Ձեր տղամարդը քայլեր չի ձեռնարկում, պետք է ընդամենը մեկ անգամ նրան հարցնել` ուզո՞ւմ է նա արդյոք ընտանիք կազմել: Եթե տղամարդը պատրաստ չէ ընտանիք կազմել, նշանակում է, եկել է նրանից բաժանվելու ժամանակը:
11. Եթե ինչ-որ մեկը Ձեզ համար մի ողջ աշխարհ է, փոխարինում է բոլորին ու ամեն ինչ, ուրեմն Դուք պարզապես չունեք Ձեր սեփական աշխարհը:
12. Տարիներով տանը նստած ու միայն երեխաներով ու տան հոգսերով զբաղվող ցանկացած կին դեգրադացվում է: Դա անխուսափելի է, և, ի վերջո, տղամարդուն ձանձրացնում է, ու սկսվում են անառողջ հարաբերություններ, որոնցից մինչև ամուսնալուծություն կես քայլ է: Եվ նկատի ունեցեք. Ի սկզբանե տղամարդը չի պնդել, որ Դուք տանը նստեք, այլ ինքներդ եք ուրախությամբ այդպես որոշել:
13. Միայնությունը շրջապատում սիրո բացակայությունը չէ. Դա ինքներդ Ձեր նկատմամբ հետաքրքրության բացակայությունն է:
14. Եթե նրա հետ լարվածություն եք զգում, ուղղակի բաժանվեք այդ տղամարդուց: Մի վախեցեք միայնակ մնալուց: Աշխարհում ոչ մի տղամարդ արժանի չէ, որ կոտրվեք, ճկվեք նրա առաջ, անտեսեք Ձեր ցանկություններն ու պահանջմունքները:
15. Ամեն ինչ շատ պարզ է. կա նա, այնպիսին, ինչպիսին որ կա, և կաք Դուք՝ նույն կերպ: Դուք կամ միասին լավ եք զգում, կամ պետք է հեռանալ իրարից:
16. Հոգեպես առողջ մարդը կողմնորոշվում է իր զգացմունքներով, քանզի ոչ գեղեցկությունը, ոչ էլ սերը զոհեր չպետք է պահանջեն: Իսկ եթե պահանջում են, ապա դա արդեն Ձեր պատմությունը չպետք է լինի: Հեռացեք, որովհետև չկա այնպիսի նպատակ, հանուն որի արժե ինչ-որ բանի դիմանալ հարաբերություններում:
17. Ամբողջ կյանքումդ չես կարող քեզ իդեալական ներկայացնել. Մի օր անպայման կսայթաքես, իսկ հիասթափությունը միշտ ավելի ցավոտ է, քան ի սկզբանե քեզ բնական պահելը և իրական, այլ ոչ հորինովի կերպարով ներկայանալը:
18. Միակ հատկությունը, որը պետք է հաշվի առնել զուգընկեր ընտրելիս, այն է, որ նա գրավի քեզ թեկուզ չնչին բանով: Մնացած ոչ մի բանը ոչ մի դեր չի խաղում ընդհանրապես: Եթե դու նրան սիրում ես, մտածում ես նրա մասին, անհանգստանում նրա համար, չեն կարող լինել ոչ մի նշաձողեր:
19. Իրենք իրենց չսիրող մարդիկ չեն կարող սիրել միմյանց, հետևաբար և՝ երջանիկ զույգ կազմել չեն կարող:
20. Ի՞նչ պետք է անել ամուսնանալու համար. Սկզբունքորեն ընդամենը մեկ բան` լինել բնական: Իրականում հենց դրա համար էլ սիրում են:
21. Եթե Ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է նա Ձեզ վերաբերվում կամ ինչ-որ տհաճ բան է անում, ասեք նրան այդ մասին մեկ անգամ: Կրկնվելու դեպքում` ցտեսություն:
22. Նորմալ մարդը չի շարունակում գտնվել այն հարաբերությունների մեջ, որտեղ իրեն չեն հարգում, չնայած այդպիսի հարաբերություններ նա չի էլ սկսի:
23. Մարդու կյանքում միակ ժամանակահատվածը, երբ նա օբյեկտիվորեն կախվածություն ունի ինչ-որ մեկից, մանկությունն է և կախվածությունը ծնողներից: Դա համեմատաբար այնքան էլ երկար չի տևում: Մնացած բոլոր դեպքերում հասուն մարդն ընտրության հնարավորություն ունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը