«Կատարի շրջափակումն անընդունելի է մեզ համար». Ռոուհանի
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանիին հայտարարել է, որ Իրանն անընդունելի է համարում Կատարի շրջափակումն արաբական մի շարք երկրների կողմից եւ պատրաստ է աջակցություն ցուցաբերել նրան։
«Կատարի շրջափակումն անընդունելի է մեզ համար: Մեր երկրի օդային, ցամաքային ու ծովային տարածքը մշտապես բաց է Կատարի՝ եղբայրական հարեւան պետության համար»,- Ռոուհանիի հայտարարությունը մեջբերել է իրանական ԻՌՆԱ լրատվական գորակալությունը, որը նախագահն արել է երկու երկրների ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Նա ընդգծել է. «Թեհրանը կանգնած է Կատարի ժողովրդի ու կառավարության կողմում: Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի երկրների միջեւ հակամարտությունների ծագման դեպքում, ճնշումը, սպառնալիքներն ու պատժամիջոցները տարաձայնությունների կարգավորման ճիշտ եղանակ չեն»:
Իր կողմից, ինչպես հայտնել է «Ալ Մայադին» արբանյակային հեռուստաալիքը, Կատարի Էմիրը հայտարարել է, որ պատրաստ է համագործակեցել Թեհրանի հետ տարածաշրջանային հակասությունները վերացնելու համար:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան:
Հորդանանը եւ Ջիբուտին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը Կատարում: Կատարի շրջափակմանը չեն միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկու պետություններ՝ Քուվեյթը եւ Օմանի սուլթանությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Associated Press գործակալությունը՝ արաբական այն երկրները, Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրները պահանջում են, որ Դոհան դադարեցնի դիվանագիտական կապերն Իրանի հետ: Ըստ նրա տեղեկությունների՝ պահանջների ցուցակում են նաեւ Al Jazeera հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը եւ երկրում թուրքական ռազմակայանի փակումը: Բացի այդ, Կատարին անհրաժեշտ կլինի փոխհատուցում վճարել: Պահանջների ցանկը փոխանցվել է Քուվեյթի կողմից:
Դոհան դրանք անընդունելի է համարել: Միեւնուն ժամանակ Վաշինգտոնը, որն ավելի վաղ պաշտպանեց Կատարի շրջափակման մասին հայտարարած արաբական հինգ երկրների դիրքորոշումը, հանդես է եկել հակամարտող կողմերի միջեւ երկխոսության կարգավորման օգտին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի կարծիքով, որը հանդես է եկել հայտարարությամբ, Կատարը չի կարող կատարել իրեն առաջադրված բոլոր պահանջները, սակայն դրանցից մի քանիսի շուրջ երկխոսությունը հնարավոր է: Նրա համոզմամբ՝ երկխոսության շարունակումը խելամիտ քայլ կլիներ, եւ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Քուվեյթի միջնորդական ջանքերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: