«Պարոն Սվիտալսկու հայտարարությունը կապ չունի Հայաստանի ներքին գործերի հետ». Չեխիայի դեսպանը՝ Պյոտր Սվիտալսկու հայտարարության վերաբերյալ
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի խոսքով՝ պարոն Սվիտալսկին ունի ԵՄ անդամ երկրների աջակցությունը, և Չեխիայի Հանրապետությունը ևս աջակցել է Հայաստանում ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելությանը։
«Կարծում ենք, որ Հայաստանի որոշ պաշտոնյաների մոտեցումները պարոն Սվիտալսկու հայտարարության վերաբերյալ ուռճացված են։ Այն ընդհանրապես կապ չունի Հայաստանի ներքին գործերի հետ։ Պետք է նշել, որ հենց Հայաստանի կառավարությունն էր միջազգային օգնություն խնդրել ընտրական գործընթացում, որը կարող է որակվել՝ որպես միջամտություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դեսպանը։
Վերջինիս դիտարկմամբ՝ մյուս կողմից էլ՝ Հայաստանը ստորագրել է որոշ միջազգային համաձայնագրեր ԵՄ-ում և այլ եվրոպական կառույցներում, և դրանք որոշակի պարտավորությունների առջև են կանգնեցնում Հայաստանին:
«Այդ պարտավորություններից է ազատ և արդար ընտրությունների անցկացումը, և, եթե դիտորդները նշում են, որ ընտրության ընթացքում եղել են պահեր, որոնք վայել չեն եղել ընտրական գործընթացին, ապա ես պատճառ չեմ տեսնում, որ պարոն Սվիտալսկին չպետք է արտահայտեր իր կարծիքը»,- նկատեց պարոն Միկիսկան։
Ռոզա Հակոբյան