Հարավային Կորեայի ղեկավարը ԿԺԴՀ-ից պահանջել է դադարեցնել միջուկային փորձարկումները
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հունիսի 15-ին նշել է պատմության մեջ առաջին միջկորեական գագաթնաժողովի 17-րդ տարեդարձը՝ որպես ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման պայման առաջադրելով Փենյանի կողմից միջուկային եւ հրթիռային հետագա փորձարկումների դադարեցումը։
«Ես պարզորոշ հայտարարում եմ, որ եթե Հյուսիսային Կորեան հրաժարվի միջուկային եւ հրթիռային հետագա սադրանքներից, մենք Հյուսիսի հետ երկխոսության կգնանք առանց որեւէ պայմանի: Հյուսիսկորեական կողմից դրական պատասխան եմ պահանջում»,-ասված է Մուն Չժե Ինի ելույթում, որով նա հանդես է եկել Սեուլում անցկացված արարողության ժամանակ: Ելույթի ամբողջական տեքստը հաղորդվել է «Ռյոնհափ» գործակալության կապուղիներով:
Թեեւ նախագահ Մունը խոսել է «առանց որեւիցե պայմանի երկխոսության» մասին, նա հասկանալ է տվել, որ առանց միջուկային եւ հրթիռային փորձարկումներից ԿԺԴՀ-ի հրաժարվելու, ինքը երկխոսության չի կարողանա գնալ, ինչպես նաեւ չի ստացվի Փենյանի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների նորմալացում:
2000 թվականի հունիսին Փենյան էր ժամանել Կորեայի Հանրապետության այն ժամանակվա նախագահ Կիմ Դե Չժունը, որն սկսեց Հյուսիսի հետ մերձեցման «արեւային ջերմության» քաղաքականությունը եւ դրա համար Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացավ: Կիմ Դե Չժունն սկսեց համագործակցության շուրջ երկխոսություն վարել Հյուսիսային Կորեայի ղեկավարության հետ՝ Կիմ Չեն Իրի՝ ԿԺԴՀ-ի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի հոր գլխավորությամբ՝ հուսալով, որ այդ կերպ կորեական երկու պետությունների փոխըմբռնման հաստատումը վերջին հաշվով կհանգեցնի միջուկային զենքից Փենյանի հրաժարման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: