«Դա որոշակի փորձ է՝ մեր ներքին քաղաքական հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի». Դավիթ Հարությունյանը՝ Պյոտր Սվիտալսկու հայտարարության մասին
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոխվի, թե չէ, դա երկրի ներքին խնդիրն է, և որոշում է այդ հարցը Ազգային ժողովը։ Եթե պարոն Սվիտալսկին նման հայտարարությամբ է հանդես եկել, ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը, կարծում եմ, դա որոշակի փորձ է՝ մեր ներքին քաղաքական հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի, անկախ նրանից՝ դա արվում է բարի՞, թե՞ այլ նպատակներով։ Ինչ վերաբերում է ընտրական համակարգին, այս հարցը ևս քաղաքական հարց է, և դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտում են ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի մասնագետները»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ ռեյտինգային ընտրական համակարգի վերաբերյալ արած հայտարարությունը:
Ըստ նրա՝ համապատասխան ոլորտի ներկայացուցիչներից ամենաբարձրը Վենետիկի հանձնաժողովն է, որը տվել է իր եզրակացությունը, և այն, որ մեր կողմից ընդունված համակարգը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, փաստ է:
Դ.Հարությունյանը նշեց, որ այն բարդ է, որովհետև փորձ է արվել մշակել մեխանիզմներ, որոնք, օրինակ, պատշաճ ձևով արտացոլում են, ենթադրենք, ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը խորհրդարանում. «Կարելի՞ էր ավելի պարզեցնել Ընտրական օրենսգիրքը՝ այո, բայց դա ունենալու էր իր բացասական գինը, և մենք՝ մեր ներքին քաղաքականությունից ելնելով, ծանր ու թեթև անելով, որոշել ենք գնալ այդ ուղղությամբ»։
Դ.Հարությունյանի խոսքով՝ այս համակարգն այժմ գործող ամենաժամանակակից երկրներում ամենատարածվածներից մեկն է համամասնական ընտրական համակարգի։
Հիշեցնենք, որ այսօր ԵԽ-ի կազմակերպած «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովի ժամանակ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է.
«Այստեղ հավաքվածներից ոչ մեկը չի կարող ասել, որ վերջին ընտրությունները ՀՀ-ում եղան կատարյալ, ամբողջ լրջությամբ հայտարարել, որ ՀՀ-ն հասել է այն մակարդակին, որը պետք է, հասել է ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը: Սա դեռևս գործընթաց է: Մենք, կարող ենք ասել, որ ճանապարհի գրեթե կեսին ենք: Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ: …ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ, և այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույցը»: