«Իրանը չի գնա որևէ զիջման». Արտյոմ Տոնոյան
«Ցանկացած ճգնաժամ տարածաշրջանում բերում է նոր լարվածության։ Այս իմաստով՝ նաև մեզ համար որոշակի անհանգստանալու տեղիք է տալիս սկսվող ճգնաժամը, քանի որ սովորաբար Մերձավոր Արևելքում սկսվող ճգնաժամերը բերում են շղթայական ռեակցիայի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու արաբական երկրների որոշմանը՝ այս մասին ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները հունիսի 5-ին հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և արաբական այս երկրների ներքին իրադրության ապակայունացման գործողությունների մեջ:
Իրանագետի խոսքով՝ Իրանի հայտնած դիրքորոշումը կատարվածին սթափ է, և Հայաստանն էլ պետք է կիսի այդ նույն դիրքորոշումը։
Կատարվածի վերաբերյալ Իրանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին հայտարարել էր. «Դիվանագիտական հարաբերությունները խզելու և սահմանները փակելու դարաշրջանը… ճգնաժամի կարգավորման ուղի չէ… Ինչպես ես ավելի վաղ ասել եմ, ագրեսիան և կոռուպցիան կհանգեցնեն միայն անկայունության»։
Արտյոմ Տոնոյանը նշեց, որ ճգնաժամի խորացումը տարածաշրջանային ոչ մի երկրի ձեռնտու չէ. «Իհարկե, կլինեն որոշակի ուժեր, որոնք կշահարկեն կամ կօգտվեն ստեղծվող ճգնաժամից, բայց, այնուամենայնիվ, տարածաշրջանային երկրների համար սա անհանգստացնող է ու չի բխում որևէ մեկի շահերից»։
Հակաիրանական խմորումները, ըստ մեր զրուցակցի՝ կարող են հերթական անգամ հանգեցնել լարվածության աճի.
«2011-12թթ. իրավիճակը հասել էր ընդհուպ մինչև պատերազմի, երբ ամերիկյան նավատորմը հայտնվեց Պարսից ծոցում։ Իրավիճակի կրկնությունն ամենևին բացառված չէ, չնայած՝ այս պարագայում մի փոքր այլ է։ Ի տարբերություն 2011-12 թվականների՝ Իրանում իշխում է այնպիսի կառավարություն, որն ավելի ընդունակ է արևմտյան պետությունների հետ երկխոսության։ Այս անգամ հավանականությունն ավելի մեծ է, որ իրանական իշխանությունները կկարողանան իրավիճակին տիրապետել և հարթել ամեն ինչ»։
Իրան-ԱՄՆ հարաբերությունները, ըստ Տոնոյանի՝ միայն Իրանի գործոնով դժվար է պայմանավորել.
«Իրանի իշխող վարչակարգը կարողացել էր համաձայնության գալ Թրամփին նախորդած կառավարության հետ, բայց Թրամփի՝ իշխանության հայտնվելով՝ միանգամից փոխվեց իրավիճակը։ Այս առումով բավական բարդ է կանխորոշել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, որովհետև, ինչպես երևում է, միայն Իրանի գործոնը հաշվի առնելով՝ չենք կարող կանխատեսումներ անել։
Ամեն դեպքում իրանական կառավարությունը հակված է ԱՄՆ-ի հետ որոշակի հարաբերություններ սկսել, բայց կառավարության փոփոխության հետ՝ ամեն ինչ փոխվեց նաև Ամերիկայում։ Իրանի նախագահական ընտրությունների նախօրեին Թրամփի այցը Սաուդյան Արաբիա, այդ պայմանագրերը հերթական անգամ լարվածություն առաջացրեցին տարածաշրջանում։ Այդ լարվածության հետևանքով էլ նոր զարգացումներ են լինում»։
Սիրիայի հարցում, ըստ նրա՝ Իրանը որևէ զիջման չի գնա. «Այն քաղաքականությունը, որն Իրանը որդեգրել և հետևողականորեն պաշտպանել է այս ամբողջ ընթացքում, շարունակելու է պաշտպանել։ Սա այն կետն է, որտեղ Իրանը չի գնա որևէ զիջման»։
Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, նա նշեց, որ որևէ բացասական փոփոխություն չի սպասվում. «Բացի այն, որ զուտ աշխարհագրական առումով Հայաստանից մի փոքր հեռու է ընկած տվյալ տեղանքը, նաև Հայաստանը, մեծ հաշվով, այս հարցում կիսում է այն դիքորոշումը, որն ունի Իրանը, որովհետև այդ դիրքորոշումը բխում է խաղաղությունից, տարածաշրջանային անվտանգությունից»։



