Բաժիններ՝

Գյուղնախում քննարկվել է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նախագիծը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նախագիծը:

Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս Գեղամ Նավոյանը, կաթիլային համակարգերի ներդրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ և այլ անձինք:

Ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները՝ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ծրագրով ակնկալվում են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, հանրապետության ջրային, էներգետիկ և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, մշակովի հողատարածքների ընդլայնում` պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման խթանում:

«Նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում` նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնել վարկավորման մատչելիության մակարդակը»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է նաև, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հետևելու է պետական ծրագրերի իրականացման ընթացքին և գյուղացիական տնտեսություններին մատուցելու է անհրաժեշտ խորհրդատվություն:

Մտքերի փոխանակման ընթացքում, ծրագրի արդյունավետությունն ապահովելու նպատակով, որոշվել է հնչած խնդիրների վերաբերյալ 7-օրյա ժամկետում նախարարություն ներկայացնել համապատասխան առաջարկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս