ՀԶՀ-ն միանում է GIZ-ի զբոսաշրջության, գինեգործության և ՏՏ ոլորտների աջակցման ծրագրին
Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում, մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն քննարկել են ծրագրի մանրամասները: 2017 թ. ապրիլի 1-ին մեկնարկած ծրագրի նպատակն է տարածաշրջանի երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, խթանել զբաղվածությունն ու աջակցել զարգացմանը՝ երեք հիմնական ուղղություններով. զբոսաշրջություն, գինեգործություն և ՏՏ ու ճարտարագիտություն։
GIZ-ը Հայաստանի զարգացման հիմնադրամը դիտարկում է որպես հիմնական գործընկերներից մեկը մասնավոր հատվածի հետ աշխատանքի տեսանկյունից, որի համատեքստում էլ քննարկվել է ՀԶՀ-ի դերակատարությունը վերոնշյալ ծրագրում։
Արմեն Ավակ Ավակյանը նկատել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարեկան 4 հազար որակավորված մասնագետի կարիք ունի, բայց կրթական համակարգը կարողանում է ապահովել միայն 500-ը։ «Մեզ հուզում է հարցը, թե ինչպես կարող ենք GIZ-ի նման կազմակերպությունների և կառավարության հետ սերտ համագործակցությամբ մշակել մոտեցումներ այդ բացը լրացնելու համար»,-նշել է Արմեն Ավակ Ավակյանը։
«Մենք սերտորեն համագործակցում ենք բիզնես ասոցիացիաների հետ, որպեսզի հասկանանք մասնավոր հատվածի կարիքները, որպեսզի հետո հանրային ոլորտում կիրառենք այդ երկխոսությունը՝ որակ ստանալու համար։ Եթե մենք դա անենք միասին, հրաշալի կլինի»,-նշել է Վիլհելմ Հուգոն։
Ծրագրը նախատեսում է խթանել մասնավոր հատվածի զարգացումը, մարզերում ՓՄՁ-ների կայացումը, բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը, ամրապնդել միջին մասնագիտական կրթության որակը, կազմակերպել տարածաշրջանային քննարկումներ: