Սերժ Սարգսյանն առաջարկել է թեկնածուներին. ընդունվել է միաձայն

«ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց ԱԺ ղեկավարության թեկնածուների հարցը, որը մենք ընդունեցինք ԳՄ-ում, այնուհետև այդ հարցը քննարկվեց խորհրդում և բոլոր թեկնածուներին առաջարկել է ՀՀ նախագահը և կուսակցությունն ընդունել է միաձայն։ ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է շատ բազմափորձ, մեր ավագ ընկեր, առողջապահության նախկին նախարար, առողջապահության հանձնաժողովի նախագահ մեր հարգելի Արա Բաբլոյանի թեկնածությունը, Աժ նախագահի տեղակալների պաշտոնում առաջարկել ենք արդարադատության հարգելի նախարար Արփինե Հովհանիսյանին և ձեր բարեկամ Էդուարդ Շարմազանովին, դա ես եմ»,- այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար է լինելու Վահրամ Բաղդասարյանը, քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը։

Շարմազանովը նաև նշեց, որ վաղը ԱԺ ՀՀԿ խմբակցությունը փոփոխություններ կառաջարկի ԱԺ կանոնակարգում՝ 12 հանձնաժողովները կրճատել մինչև 9-ի, որից 6-ի նախագահ, ըստ Դոնթի բանաձևի, իրավունք կունենա առաջարկել ՀՀԿ-ն։ Ըստ այդմ՝ կառաջարկվեն ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ՝ Գագիկ Մինասյան, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Արմեն Աշտոյան, տնտեսական հարցերի՝ Խոսրով Հարությունյան, պետաիրավական հարցերի՝ Հրայր Թովմասյան, ներքին գործերի և անվտանգության՝ Կորյուն Նահապետյան, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հակոբ Հակոբյան։

Է.Շարմազանովը հավելեց, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն, ինչպես հայտարարվել է, լինելու է Կարեն Կարապետյանը, իսկ արդարադատության կամ որևէ այլ նախարարի թեկնածուի հարց չեն քննարկել։ Չեն քննարկել, ըստ նրա, նաև 2018-ից հետո Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հարցը։

«Ծառուկյան» դաշինքի կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում Միքայել Մելքումյանի թեկնածության առաջադրումը Շարմազանովը շատ նորմալ համարեց. «Բոլոր 105 պատգամավորների հետ համագործակցությունը պատկերացնում եմ բացառապես ՀՀ պետական ու ազգային շահի գերակայության սկզբունքով»։

Տեսանյութեր

Լրահոս