ՀՀ ՀՔԾ-ն քրգործ է հարուցել լրագրողների նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու փաստով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «armtimes.com» էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Այսպես, 2017թ. մայիսի 12-ին «armtimes.com» էլեկտրոնային կայքում հրապարակվել են «Մարգարյանի շտաբում ՀԺի լրագրողը բռնության է ենթարկվել» և «Տարոն Մարգարյանի շտաբում հարձակվում են ՀԺի լրագրողների վրա, հայհոյում» վերտառությամբ հոդվածներն այն մասին, որ նույն օրը հիշյալ կայքի լրագրողներ Տ. Մուրադյանը և Տ. Խաչատրյանը ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ ստացած ահազանգը ստուգելու նպատակով այցելել են Կոմիտաս 56 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ: Սակայն այնտեղ, ըստ հրապարակումների, մի խումբ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը` քաշքշել են, հայհոյել, փորձել վերցնել նրանց հեռախոսները և հրելով հեռացնել շտաբի տարածքից:
Այսպիսով, մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: