«Ծառուկյանին կհաջողվի լայն կոնսոլիդացիա ապահովել. նրա հիմնական ֆունկցիան հենց դա է»
Գագիկ Ծառուկյան դաշինքի դուռը թակողների թիվը հետզհետե մեծանում է։ Նախկին բարգավաճականների, ՎՍԴՀԿ-ական Լյուդմիլա Սարգսյանի և այլոց կողքին` Գագիկ Ծառուկյանի որոշմանն են սպասում մի շարք նախկին հանրապետականներ։ Այդ հերթում վերջինը նախկին ՀՀԿ-ական, օդիոզ կերպարներից մեկը համարվող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, ով երեկ հայտարարել է Ծառուկյան դաշինքին միանալու և խորհրդարանի ընտրությանը մասնակցելու մասին։ Իսկ թե, ի վերջո, ե՞րբ հայտնի կլինի Ծառուկյան դաշինքի կազմը, դեռ պարզ չէ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «168 Ժամի» հետ զրույցում հայտարարեց, որ, քանի դեռ ընթանում են բանակցություններ, և ամեն ինչ վերջնականապես որոշված և համաձայնեցված չէ, բանակցությունների ընթացքի վերաբերյալ ինքն անձամբ որևէ տեղեկատվություն չի տրամադրելու։
Ըստ նրա` բանակցությունների համար հստակ ժամկետ սահմանված չէ.
«Մենք հասկանում ենք, որ կաշկանդված ենք ԿԸՀ հայտարարած ժամանակացույցով, փետրվարի 6-16-ն առաջադրումների վերջնաժամկետն է։ Վստահ եղեք, որ օրենքի շրջանակում կհայտարարվի դաշինքը, և տեղի կունենան ընտրական գործընթացները։ Բայց քանի դեռ գնում են բանակցություններ տարբեր քաղաքական ուժերի և անհատ գործիչների միջև, գոնե ինձանից, ինչքան էլ ես իրազեկ լինեմ, դուք չեք լսելու որևէ կուսակցության և որևէ գործչի անուն, որի հետ ընթանում են բանակցություններ»։
Պատասխանելով հարցին, թե Գ.Ծառուկյանի հայտարարած «լայն կոնսոլիդացիան» ստացվո՞ւմ է, Ն.Զոհրաբյանը կրկնեց, որ բոլոր հարցերին կպատասխանի բանակցությունների ավարտից հետո. «Ով ինչ է ասում, ով ինչ հայտարարություն է տալիս, քանի դեռ ամեն ինչ վերջնականապես բանակցված, ճշգրտված և համաձայնեցված չէ, որևէ անուն ինձանից չեք լսելու, որքան էլ ես բոլոր գործընթացներին տեղյակ եմ»։
Թե ե՞րբ կկայանա ԲՀԿ համագումարը, որի ժամանակ «Բարգավաճ Հայաստանի» նախագահությունը նորից պաշտոնապես փոխանցվելու է Ծառուկյանին, Ն.Զոհրաբյանի խոսքով, առայժմ նույնպես որոշված չէ։ Ըստ նրա` ԲՀԿ-ականների առաջարկը Ծառուկյանին` պարտադիր վերադառնալ և գլխավորել կուսակցությունը, ուժի մեջ է, քանի որ հասկանալի է, որ դաշինքի առանցքը ԲՀԿ-ն է լինելու։ Ն.Զոհրաբյանի կարծիքով` համագումարի ժամկետներն առաջիկայում նույնպես Գ.Ծառուկյանը կհստակեցնի։
Առայժմ «չկողմնորոշված» քաղաքական մյուս ուժերը ևս չեն բացահայտում իրենց «գետի հունը»։ «Ժառանգությունում» լիակատար անորոշություն է։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջնական որոշում չունեն, և պարզ էլ չէ, թե ե՞րբ կլինի այդ որոշումը. «Ոչ թե գիտեմ` չեմ ասում, այլ ուղղակի չգիտեմ»։
Գ.Ծառուկյանի հետ հարաբերությունները Ա.Մարտիրոսյանը բնորոշեց` որպես «բարիդրացիական»։ Ըստ նրա` Ծառուկյանի հետ քննարկումներ եղել են, բայց այս պահին չկան։ Կուսակցությունում դաշինքներում ընդգրկվելու շուրջ տարակարծության խնդիրը, ինչպես հավաստեց փոխնախագահը, կլուծվի վերջում` քվեարկությամբ, սակայն համագումար դեռ չի նախատեսվում։ Վարչությունը պետք է որոշի, կամ էլ միջանկյալ քննարկում կլինի։
Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանի կարծիքով` դաշինքների ձևավորման հարցում իրավիճակը բավականին պարզ է` բոլոր տեսակի դաշինքները կազմվում են Հայաստանի նախագահի կողմից, և նա փորձում է դա անել իր համար հնարավորինս հարմար ճարտարապետությամբ, այսինքն` որպեսզի մի կողմից լինի ժողովրդավարության զգացում, մյուս կողմից` ամբողջապես վերահսկվի իրավիճակը. «Դաշինքների կազմավորումը դեռ այդքան հստակ չի, այդ քաղաքական գործիչները գնում են մի դաշինքից մյուսը և դրանով ավելի վարկաբեկվում, միաժամանակ` Սարգսյանը բոլորին պահում է անորոշության մեջ, դրանով իսկ, այսպես ասած, վերջնական երաշխիքներ չտալով որևէ մեկին»։
Ա.Ենոքյանի կարծիքով` Ծառուկյանին կհաջողվի լայն կոնսոլիդացիա ապահովել, քանի որ նրա հիմնական ֆունկցիան հենց դա է, որպեսզի ներկա քաղաքական կուրսից դժգոհ զանգվածները քվեարկեն Ծառուկյանի օգտին։ Փորձագետը բացառեց, որ Գագիկ Ծառուկյանը կարող է վերհիշել Սարգսյանից ստացած նախկին վիրավորանքը և «վիրավոր առյուծի» դիրքերից ընդվզել. «Վիրավոր առյուծ նա երբեք չի լինի, որովհետև նա վերադարձել է քաղաքականություն Սերժ Սարգսյանի հրահանգով և կշարժվի ըստ այդմ։ Նա ինքնուրույն գործողությունների չի դիմի, դրա թույլատվությունը շատ փոքր է»։