Հայոց բանակը հպարտության առիթ է յուրաքանչյուր հայի համար. Վիգեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 28-ին տեղի ունեցավ տոնական համերգ:
Համերգին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, զինվորականներ: Համերգի մեկնարկից առաջ ցուցադրվեց տեսաֆիլմ, որում ներկայացված էր կազմավորման պահից մինչ օրս բանակի պատմությունը:
Այնուհետև հանդիսավոր կերպով ներս բերվեցին ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի մարտական դրոշները: Ելույթով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Իր խոսքում Վիգեն Սարգսյանը նշեց, որ հայոց բանակը ուրախության և հպարտության մեծագույն առիթ է աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի համար:
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արդար և օրինական պահանջին հակադրվեցին բռնությունը և ջարդերը: Սկսվեց մեր բանակի կազմավորման առաջին փուլը: Ոչ միայն Ղարաբաղի, այլ ողջ Հայաստամի բնակչության անվտանգության խնդիրը դարձավ ավելի արդիական:
Տարիներ շարունակ Արցախն ու նրան օգնության հասած Արցախը ուս ուսի կռիվ տվեցին՝ կերտելով այն, ինչը հետո պետք է անվանվեր հայոց ազգային բանակ»,- նշեց նախարարը: Վիգեն Սարգսյանը հավելեց, որ քառորդ դարի ընթացքում վիխթարի ճանապարհ են անցել հայկական զինված ուժերը: Այս տարիների ընթացքում ձևավորվել է զինվորական կուռ սերունդ: «Մեր ժողովրդի հաղթական ոգու և ավանդապաշտության շնորհիվ սերնդափոխությունը բանակում մեկնարկել և ընթանում է հարթ ու արդյունավետ:
Պատմական հայրենիքի, ոչ թե տարածքի, ինքնության պահպանման և ոչ թե կեղծված պատմության համար էր հայոց բանակի կռիվը: Պարույր Սևակի՝ Մեսրոպ Մաշտոցին ուղղված խոսքերը կարելի է վերագրել հայոց բանակին՝ «Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք, անմահացավ, որ անմահանանք»,- ընդգծեց նախարարը:
Նրա խոսքով՝ պետականաշինության և բանակաշինության վճռորոշ այդ տարիների ընթացքում եղան մարդիկ, ովքեր թերահավատ էին հայոց բանակի կայացման հարցում: «Ես վստահ եմ, որ անցյալ տարվա ապրիլից հետո նրանցից ոչ ոք այդ կարծիքին չէ: Մեր տղաները վստահաբար կատարել են իրենց գործն ապրիլյան պատերազմի ընթացքում՝ զենքի և մարդկային զգալի կորուստներ պատճառելով ստիպելով հակառակորդին վերադառնալ 1994թ. հրադադարին»,- ասաց նախարար Սարգսյանը:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո քաղած դասերին՝ նախարարը վստահեցրեց, որ քառօրյա պատերազմից հետո բազմաթիվ հետևություններ են արվել, որում հայ հասարակությունը համոզվել է նաև սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ: Տոնական համերգի ընթացքում ելույթներ ունեցան հայտնի երգիչերգչուհիներ, պարային տարբեր համույթներ՝ իրենց հայրենասիրական ելույթներով գեղեցկացնելով հայկական բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումը: