«ՀԱԿ-ում քննարկում են ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու հարցով ՍԴ դիմելու խնդիրը». Արամ Մանուկյան

Առաջիկա խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու առիթով առաջացած հասարակական դժգոհության կապակցությամբ մոտ մեկ շաբաթ առաջ ՀԱԿ-ը տարածել էր հայտարարություն, որում նշվում էր, որ այս տարի ապրիլի 2-ին լրանում է հերոսների մահվան առաջին տարին, և այն հիշատակի օր է ողջ հայ ժողովրդի համար։ Արձանագրելով նաև, որ ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է գործող Սահմանադրության խախտմամբ, ՀԱԿ-ը պահանջել էր հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, իսկ ընտրությունների օրը նշանակել գործող Սահմանադրության անցումային դրույթների 209 հոդվածով նախատեսված՝ նախկին Սահմանադրության 68 հոդվածի պահանջներին համապատասխան, այն է՝ ապրիլի 21-30-ի միջակայքում։ Ընտրությունների օրվա նշանակման հրամանագիրը, հիշեցնենք, ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ապրիլի 2-ը հաշվարկվել է նոր Սահմանադրության 91-րդ հոդվածով, որը, սակայն, դեռևս ուժի մեջ չի մտել։

ՀՀԿ-ականները գտնում էին, որ օրը փոփոխության ենթակա չէ։ Սակայն ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն ինքն անդրադարձավ այս օրերին քաղաքական դաշտում առաջացած որոշակի տարակարծությանը։

«Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձևակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ: Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը: …Ես անձամբ դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության, բոլորի հետ՝ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները»,- ասել է Սարգսյանը:

Սակայն ՀՀ և ՀՀԿ նախագահի այս հայտարարությունը և օրը փոխելու պատրաստակամությունը չի բավարարել ՀԱԿ-ին։ 168.am-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ բացի զոհերի հիշատակը հարգելու պահանջից, կա նաև խնդրի սահմանադրականության հարցը, քանի որ ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը, մինչդեռ Ս.Սարգսյանն այդ մասին չի խոսել։

«ՀԱԿ-ում այժմ քննարկում են ընտրությունների օրն ամսի 2-ին նշանակելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու խնդիրը։ Առաջիկա օրերին որոշում կկայացնենք»,- ասաց Ա.Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս