Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ­-ում բարձրացրել է ադրբեջանական դիվերսիաների հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ­-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: «Արմենպրես»­-ը պատգամավորի ելույթը ներկայացնում է ամբողջությամբ.

«Հարգելի գորընկերներ,

Ես վստահ էի, որ Ադրբեջանը բաց չի թողնելու հնարավորությունը հերթական անգամ այստեղ, Եվրոպայի խորհրդում, աղավաղելու ճշմարտությունը, հերքելու փաստերը և հերթական անգամ մնալու է անպատիժ, և անգամ չի արժանանա ամոթանքի։ Հենց սա պատճառը, որ ես ուզում եմ ձեզ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական երկու հաղորդագրություն։

Առաջինը` Դեկտեմբերի 29-­ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, անցնելով Հայաստանի պետական սահմանի հարավ առևելյան մասը և հարձակում կատարել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ:

Եվ երկրորդ՝ դիվերսիոն հարձակումից հետո ադրբեջանական կողմը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որի միջոցով փորձ է արվել կատարվածի պատասխանատվությունը գցել հայկական կողմի վրա: Ադրբեջանի ներթափանցման ապացույց է այն փաստը, որ դիվերսանտները հենց թիկունքից են սպանել հայ զինծառայողներին, մինչ վերջիններս լվացվում էին:

Հարգելի գործենկերներ,

Եվս մեկ անգամ պետք է Ձեր ուշադրությանը հրավիրեմ, որ վերը նշված հարձակումը տեղի է ունեցել Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանին, ոչ թե Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Ադրբեջանական կողմը ձեռնարկելով այս քայլը, կայացրել է քաղաքական որոշում և իրականացրել է այն:

Ադրբեջանը, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի անդամ, խախտել է ոչ միայն Խորհրդի անդամ դառնալու ժամանակ իր ստանձնած պարտավորությունները, այլ նաև խախտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ պայմանավորվածությունը` բարեխիղճ բանակցությունների սկզբունքը:

Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, ամրագրված ՄԱԿ­ի կանոնադրության մեջ, 1970թ. Միջազգային իրավունքի սկզբունքներին վերաբերող հռչակագրի պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և համագործակցության հիմունքները, նաև 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտը: Եվ ամենակարևորը՝ Ադրբեջանը խախտել է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան, որտեղ առաջին հերթին գերակայվում է` կյանքի իրավունքի սկզբունքը:

Հարգելի գորընկերներ, անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Հետևաբար մեզ անհրաժեշտ է համատեղ և համաձայնեցված գործողությունները՝ այս բռնությունն ընդմիշտ չեզոքացնելու համար: Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ` ԵԽԽՎ-ում զարգացնելու ժողովրդավարական արժեքները: Եվ մենք իրավունք չունենք աչք փակել ցանկացած պետության կողմից մարդու իրավունքների և խաղաղության նկատմամբ ոտնձգությունների դեմ:

Մենք պետք է մշտապես արժանի և կոշտ պատասխան տանք այսպիսի դրսևորումներին, որպեսզի կատարենք մեր ստանձնած պարտավորությունները, որպես ԵԽ անդամ երկիր»:

Տեսանյութեր

Լրահոս