«Ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը». Սերժ Սարգսյան

«Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երևույթ եմ համարում»,- ՀՀԿ այսօրվա խորհրդի նիստում ունեցած ելույթի ընթացքում այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահն անդարադարձել է նաև այս օրերին տեղի ունեցող դաշինքների կազմավորման գործընթացին և նշել.

«Շատ առողջ և ողջունելի գործընթաց է: Հիշում եք, սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում մենք պնդում էինք, որ տեղի կունենա քաղաքական հաստատությունների, քաղաքական ինստիտուտների խոշորացում, կձևավորվեն դաշինքներ, և կունենանք շատ ավելի կայուն և արդյունավետ քաղաքական դաշտ:

Անցել է ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի, և ահա, խնդրեմ, տեսեք, որ մենք ճիշտ էինք պատկերացնում գործընթացը: Մենք առնվազն մի տասնհինգ տարի լսում էինք, որ մեր երկրում քաղաքական դաշտը կայացած չէ, որ մեր երկրում կուսակցությունները չեն խոշորանում: Խոսում էինք, յուրաքանչյուրը տարբեր դեղատոմսեր էր առաջարկում, բայց գործընթաց չէր ընթանում: Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո այդ դաշինքները կդառնան կուսակցություններ:

Մնացած փոքր կուսակցությունները, անշուշտ, կմնան, բայց նրանք այլևս որևէ դերակատարում չեն ունենա, կուսակցությունները կխոշորանան: Դա մեր երկրին անհրաժեշտ է, և ուզում եմ, որ առաջին հերթին դուք, այնուհետև նաև մեր ժողովուրդը վստահ լինեն, որ այն գաղափարները, որոնք դարձել են Սահմանադրություն, այսպես են լինելու:

Կարող են լինել որոշակի անհարթություններ, որոշակի թեթև խնդիրներ առաջանալ, բայց մենք համակարգ ենք փոխում, նոր համակարգ ենք ստեղծում, և այդ պարագայում անհարթությունները, այդ եղած փոքր խնդիրները, կարծում եմ, որևէ խոչընդոտ չեն և չեն կարող դառնալ խնդիրներ: Մարդ մի տուն է կառուցում, հարյուրավոր խնդիրներ են առաջանում, հետո մտքին դնում է երկրորդը կառուցել իր սխալների, իրեն դուր չեկածի վրա, իսկ մենք պետության կառավարման համակարգ ենք փոխում, և բոլորս այստեղ պետք է շատ համոզված լինենք»:

Տեսանյութեր

Լրահոս