Իրաքում հայտնաբերվել է ԴԱԻՇ-ի զոհերի զանգվածային գերեզմանոց
Իրաքի հյուսիսկենտրոնական մասում հայտնաբերվել է ԴԱԻՇ-ի զոհերի զանգվածային գերեզմանոց, հայտնում է գերմանական dpa գործակալությունը՝ վկայակոչելով իրաքյան հատուկ ծառայությունների ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ Տիկրիտում գտնվող պալատի տարածքում հայտնաբերվել է գերեզման, որից դուրս է բերվել 98 մարմին: Ամենայն հավանականությամբ, աճյունները պատկանել են ԴԱԻՇ-ի կողմից սպանված իրաքցի զինվորականներին:
Նախնական տեղեկություններով՝ զինվորները պատանդ են ընկել 2014թ. կեսին ռազմաբազայից փախուստի ժամանակ, երբ ԴԱԻՇ-ը հսկողություն էր սահմանել Իրաքի արևելքի ու հյուսիսի մեծ մասի նկատմամբ:
Այդ տարածքներում ապրում են գերազանցապես սուննի մուսուլմաններ, իսլամի այդ ուղղությանն են իրենց դասում նաև ԴԱԻՇ-ի ահաբեկիչները:
Զինյալները պնդում էին, որ մահապատժի են ենթարկել մոտ 1700 շիա զինծառայողի, իսկ 800 սուննի զինվորականի իբրև «համաներել են»:
Տիկրիտը ԴԱԻՇ-ից ազատագրվել է 2015թ. մարտին: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության իրավապաշտպանները պարզել էին, որ զանգվածային մահապատիժները տեղի են ունեցել պալատական համալիրում: