ԵԱՏՄ-­ում միասնական արժույթին անցնելու խնդիր դրված չէ. Վալովայա

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի անցնելու թեման մշտապես արծարծվում է, սակայն միությունը միասնական արժույթ սահմանելու խնդիր ներկայում չունի: «Արմենպրես»­-ի հաղորդմամբ` հունվարի 16-­ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան:

«ԵԱՏՄ-­ն այժմ միասնական արժույթ սահմանելու կարիք չունի, քանի որ ո՛չ նախադրյալներ կան, ո՛չ էլ դրա անհրաժեշտությունը։ Ինչո՞ւ ենք մենք այդ մասին խոսում այսքան պատասխանատվությամբ։ Մենք շատ ուշադիր ենք ուսումնասիրել Եվրոպական միության փորձը։ Իհարկե, մենք կիրառում ենք որոշ կանոններ, բանաձևեր, մեխանիզմներ, սակայն, բացի այդ, դասեր ենք քաղում այն սխալներից, որոնք թույլ է տվել Եվրոպական միությունը»,­- նշեց Վալովայան։

Նրա խոսքով` միասնական եվրոպական արժույթի կիրառման փորձը ցույց է տալիս, որ ԵՄ­-ն դրան շատ հեշտ ճանապարհով է հասել։ Կոլեգիայի անդամ, նախարարի կարծիքով` մի շարք գործոններ վկայում են այն մասին, որ շատ քայլեր, որոնք ԵՄ­-ն պետք է աներ միասնական արժույթին անցնելուց առաջ, ստիպված էր անել հետո։

«Այս պահին ԵԱՏՄ-­ն զբաղվում է ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելով։ Սա բավական հավակնոտ խնդիր է, որը մեծ տնտեսական արդյունք կտա»,­- շեշտեց Վալովայան։ Բացի այդ, ԵՏՀ նախարարի խոսքով, կարևոր է ապահովել անհրաժեշտ ֆինանսական կայունություն. ներկայում ԵԱՏՄ մակրոտնտեսական քաղաքականությունն ուղղված է փոխարժեքների տատանումների, արժութային շուկաների կտրուկ փոփոխությունների բացասական ազդեցությունների նվազեցմանը:

Տեսանյութեր

Լրահոս