Մամեդյարովը նամակ է գրել Չավուշօղլուին
Կապված Ադրբեջանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շնորհավորական նամակ է գրել իր թուրք գործընկերոջը՝ Մևլյութ Չավուշօղլուին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին: Նամակում Մամեդյարովը շնորհավորել է Չավուշօղլուին երկու երկրների 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների կապակցությամբ:
Նամակում ասվում է, որ Հեյդար Ալիևի «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ, երկու պետություն են» խոսքերը հիմնաքար են երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների համար:
Մամեդյարովը նշել է, որ երկու երկրների դաշնակցային, եղբայրական հարաբերությունները, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում փոխադարձ աջակցությունը և անդրազգային նախագծերի իրականացման հարցում համատեղ ջանքերը ծառայում են երկու երկրների ժողովուրդների բարեկեցությանը, տարածաշրջանում խաղաղության, կայունության ու բարգավաճման ապահովմանը: