Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության մեջ կասկածվող Մեխակ Հարությունյանը ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, որոնողական և բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` Մեխակ Հարությունյանը»,- գրել է Աշոտ Ահարոնյանը և հայտնել է, որ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։