«Համասը» գոհունակություն է հայտնել հրեական բնակավայրերի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի առնչությամբ
«Համաս» խմբավորումն իր գոհունակությունն է հայտնել հրեական բնակավայրերի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևից, որը պահանջում է դադարեցնել հրեական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում, հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ ընդունված բանաձևի կապակցությամբ իր ուրախությունն էր հայտնել Պաղեստինի ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասը, այն դեպքում, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի թաքցրել իր վրդովմունքը:
«Օբամայի վարչակազմը ոչ միայն չկարողացավ պաշտպանել Իսրայելին ՄԱԿ-ում այդ դավադրությունից, այլև կուլիսների հետևում դրա մաս կազմեց»,- վստահ հայտարարել է Նեթանյահուն՝ խորհրդատվությունների նպատակով Նոր Զելանդիայից և Սենեգալից հետ կանչելով իր դեսպաններին: Այս երկու երկրներն էլ հակաիսրայելական բանաձևի համահեղինակներ էին:
Հրեական բնակավայրերի կառուցումը Իսրայելի և պաղեստինցիների միջև չդադարող կոնֆլիտի հիմնական պատճառներից է:
Մոտ 500 հազար հրեա է ապրում այն 140 բնակավայրերում, որոնք կառուցվել են 1967թ. Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի օկուպացիայից հետո:
Վերջին 8 տարում առաջին անգամ ամերիկացիները չանսացին Իսրայելի խնդրանքներին և չօգտվեցին վետոյի իրենց իրավունքից՝ հնարավորություն տալով անցկացնել պաղեստինյան օկուպացված տարածքներում հրեական բնակավայրեր հիմնելը դատապարտող բանաձևը:
Բանաձևն Իսրայելից պահանջում է անհապաղ դադարեցնել բնակավայրերի հիմնումը Պաղեստինին պատկանող հողերում:
ԱՄՆ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ-ում միակն էր, որը ձեռնպահ էր մնացել բանաձևի քվեարկության ժամանակ: ԱԽ-ի մնացած 14 անդամները հավանություն էին տվել բանաձևին:
Իսրայելը հրաժարվել է կատարել փաստաթղթի պահանջները և պատասխան միջոցներ է ձեռնարկում նախաձեռնության հեղինակների, դրան կողմ քվեարկածների ու հենց ՄԱԿ-ի դեմ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Օբամային անվանել է ամերիկացի առաջին նախագահը, որը փորձում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով Իսրայելի վզին փաթաթել Պաղեստինի հետ հակամարտության վերջնական կարգավորումը: