Իսրայելն Օբամային հրապարակավ մեղադրել է ՄԱԿ-ի ԱԽ-ում հակաիսրայելական դեմարշի մեջ
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման դարձել է Իսրայելի ղեկավարության աննախադեպ կոշտ ու հրապարակային քննադատության թիրախը, որը վերջինիս համարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաիսրայելական բանաձևի կուլիսային նախաձեռնողը:
Վերջին 8 տարում առաջին անգամ ամերիկացիները չանսացին Իսրայելի խնդրանքներին և չօգտվեցին վետոյի իրենց իրավունքից՝ հնարավորություն տալով անցկացնել պաղեստինյան օկուպացված տարածքներում հրեական բնակավայրեր հիմնելը դատապարտող բանաձևը: Բանաձևն Իսրայելից պահանջում է անհապաղ դադարեցնել բնակավայրերի հիմնումը Պաղեստինին պատկանող հողերում:
«Երուսաղեմը պնդում է, որ Միացյալ Նահանգները կուլիսների հետևում վարել է հակաիսրայելական բանաձևի մշակման ու առաջ մղման գործունեություն: Դա մեզ հայտնի է արաբական և օտարերկրյա այլ աղբյուրներից»,- լրագրողներին հայտնել է բարձրաստիճան քաղաքական աղբյուրը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:
ԱՄՆ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ-ում միակն էր, որը ձեռնպահ էր մնացել բանաձևի քվեարկության ժամանակ: ԱԽ-ի մնացած 14 անդամները հավանություն էին տվել բանաձևին:
Իսրայելը հրաժարվել է կատարել փաստաթղթի պահանջները և պատասխան միջոցներ է ձեռնարկում նախաձեռնության հեղինակների, դրան կողմ քվեարկածների ու հենց ՄԱԿ-ի դեմ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Օբամային անվանել է ամերիկացի առաջին նախագահը, որը փորձում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով Իսրայելի վզին փաթաթել Պաղեստինի հետ հակամարտության վերջնական կարգավորումը: