Բաժիններ՝

Սև ծովում կործանված ռուսական ինքնաթիռում եղել են հայազգի ուղևորներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիա ուղևորվելու ճանապարհին Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի ուղևորների ու անձնակազմի ցուցակը:

Ինքնաթիռում գտնվել է 83 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Ինքնաթիռում եղել են զինծառայողներ, նաև ռուսական «Առաջին ալիքի» և «Զվեզդա» հեռուստաալիքի 9 լրագրող և օպերատոր:

«Տու-154» ինքնաթիռը դուրս էր եկել Ադլերի օդանավակայանից և ուղևորվում էր Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայան:

Դատելով հրապարակված ցուցակից՝ ինքնաթիռում գտնվել են նաև հայկական ազգանուններով ուղևորներ: Նրանց թվում նշվում են Ալեքսանդրովի անվան երգի-պարի երաժշտական անսամբլի անդամ Գեորգիյան Ա. Տ-ի և գնդապետ Վահանով. Ա. Ի.-ի անունները:

Ուղևորների ցուցակում է նաև ռուս բարեգործ, մասնագիտությամբ բժիշկ, ակտիվիստ Ելիզավետա Գլինկան, որը հայտնի էր «Բժիշկ Լիզա» անունով: Նրա մամուլի քարտուղարը չի կարողացել հաստատել այդ տեղեկությունը: Հաղորդվում է, որ Գլինկայի հեռախոսն անջատված է:

TASS-ի աղբյուրը հայտնում է, որ «բժիշկ Լիզան երեկ եղել է Չկալովի օդանավակայանում և ասել է, որ առավոտյան ուղևորվելու է Լաթաքիա»:

Ուղևորների թվում է եղել նաև ՌԴ ՊՆ մշակույթի վարչության պետ Անտոն Գուբանկովն ու Ալեքսանդրովի անվան երգի ու պարի ակադեմիական անսամբլի գեղարվեստական ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վալերի Խալիլովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս