Հայտնի է ՌԴ ՊՆ-ի «Տու-154» ինքնաթիռի կործանման նախնական պատճառը
Նախնական տեղեկություններով՝ Սոչիի մոտ՝ Սև ծովում կործանված ՌԴ պաշտպանության նախարարության «Տու-154» ինքնաթիռը աղետի է ենթարկվել տեխնիկական պատճառներով կամ պիլոտավորման սխալի հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին:
«Որպես «Տու-154» ինքնաթիռի կործանման հիմնական վարկած է դիտարկվում օդանավի տեխնիկական անսարքությունը կամ պիլոտավորման սխալը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ՊՆ-ն, Ադլերի օդանավակայանից պլանային թռիչք իրականացնելիս ռադարների էկրաններից թռիչքից 20 րոպե անց անհետացել էր «Տու-154» ինքնաթիռը:
Ինքնաթիռում գտնվել է 83 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Ինքնաթիռում եղել են զինծառայողներ, նաև ռուսական «Առաջին ալիքի» և «Զվեզդա» հեռուստաալիքի մի քանի լրագրող:
«Տու-154» ինքնաթիռը դուրս էր եկել Ադլերի օդանավակայանից և ուղևորվում էր Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայան:
ՌԴ նախագահին զեկուցվել է ինքնաթիռի կործանման մասին:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեսակապի միջոցով խորհրդակցություն է անցկացնում զինված ուժերի ղեկավարության հետ՝ կազմակերպելու որոնողափրկարարական աշխատանքները: