Հայաստանը չի պատրաստվում համագործակցել մի երկրի հետ ի վնաս մյուսի. Կարեն Կարապետյան

Մենք չենք պատրաստվում համագործակցել մի երկրի հետ` ի վնաս մեկ այլ երկրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը fdiintelligence.com կայքին տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա մենք մեր քայլերի և քաղաքականությունների միջոցով անպայման ազդանշան կուղարկենք, որ շատ անկեղծ ու ազնիվ ենք մեր գործընկերների հետ: Մեր երկրի և հարևանների չափը մեզ բերում է այն մտքին, որ իրականում կարիք ունենք տարածաշրջանային համագործակցության վրա կենտրոնանալու: Այդ տեսանկյունից կարծում եմ, որ տարածաշրջանային համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի մեր բիզնեսների համար»,-­ նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ շատերը Հայաստանը գիտեն որպես հակամարտության մեջ գտնվող երկիր, ուստի անհրաժեշտ է նաև ցույց տալ, որ այն հանդուրժող երկիր է: «Կարծում եմ, որ մեր ապրելակերպը դրա ցուցիչն է, քանզի մեր ազգի երեք քառորդն ապրում է արտասահմանում և նրանք բոլորն էլ իրենց երկրների օրինապահ քաղաքացիներ են: Մենք բավականաչափ տառապել ենք պատերազմներից, որպեսզի բավականին զգայուն լինենք խաղաղության արժեքի առնչությամբ»,­- ամփոփել է գործադիրի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս