Ինչի մասին են զրուցել Սերժ Սարգսյանն ու Վիկտոր Դալլաքյանը վերջին անգամ՝ ըստ Դալլաքյանի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պարզվում է, «սարսափել» է Վիկտոր Դալլաքյանի հոկտեմբերի 10-ի ասուլիսից։ Այս գաղտնիքն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացահայտեց ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ, վերջերս «Երրորդ հանրապետություն» կուսակցության շարքերը համալրած Վիկտոր Դալլաքյանը։
Նա որոշ մանրամասներ ներկայացրեց իր և Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումից։ Ըստ այդմ՝ երբ նշանակում էր Արմեն Գևորգյանին, խորհրդակցությունը ավարտելուց հետո, Սերժ Սարգսյանը Դալլաքյանին հրավիրել է իր աշխատասնյակ և, երբ առանձնացել են, շատ քաղաքավարի, ժպիտով տվել է հետևյալ հարցերը` ինչո՞վ ես զբաղվում, ինչպե՞ս են քո գործերը։ Վ.Դալլաքյանը պատասխանել է` «ձեր ներկայացուցիչն եմ արդեն 4 տարի»: Ս.Սարգսյանը նկատել է, որ մամուլում նրա մասին հետաքրքիր վերլուծություններ են անում քաղաքական գործունեության հետ կապված։ Իսկ Դալլաքյանը տվել է անորոշ պատասխան՝ «մամուլը նրա համար է, որպեսզի հետաքրքիր վերլուծություն կատարի»։
«Եթե դու քո պաշտոնի հետ կապված որևէ այլ առաջարկ ունենաս, ես պատրաստ եմ այդ առաջարկությունը կատարել,- ըստ Վ. Դալլաքյանի՝ ասել է Ս.Սարգսյանը և հավելեց,- Այսինքն, պարզ ասած, ինձ առաջարկում էր պաշտոն: Իմ ասուլիսից մեկ օր առաջ ինձ անընդհատ զանգահարել է Սերժ Սարգսյանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ես չեմ պատասխանել զանգերին և հասկացել եմ, որ նպատակը հոկտեմբերի 10-ի իմ ասուլիսը չեղարկելն է: Զանգերին չպատասխանելուց հետո ստացել եմ հետևյալ հեռախոսագիրը` բարի երեկո, ունեմ հանձնարարություն ՀՀ նախագահից, խնդրում եմ զանգել: Այսինքն՝ ՀՀ նախագահը, որ գտնվում էր Նյու Յորքում փորձում էր կապվել իմ հետ, որ ես ասուլիս չանեմ, այսինքն` նա սարսափում էր իմ ասուլիսից»: