«Ի՞նչ եք ուզում. երկու ամսում քանդված երկիրը պետք է Սինգապո՞ւր դառնար». Կարեն Քոչարյան

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, եթե վարչապետ Կարեն Կարապետյանին թույլ տան, ապա նա հաջողությունների կհասնի.

«Բայց ես չեմ հասկանում՝ նրա ճակատագիրը ՀՀԿ-ում ինչպես կլինի: Եթե Կարեն Կարապետյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում գլխավորի ՀՀԿ ցուցակը, ապա միանշանակ կասեմ, որ  հաջողությունը մեզ է սպասում: Եթե հանկարծ արվի այն, ինչ հիմա է արվում, կներգրավվեն մարդիկ, որոնք ճիշտ ժամին դուրս կգան նրա դեմ, ապա կրկին այս իրավիճակը կունենանք: Մեծ հաշվով, եթե եղավ Կարեն Կարապետյանի ցուցակը, երկիրն առաջ կշարժվի, եթե՝ ոչ, ապա կունենանք այն, ինչ հիմա ունենք: Եթե նորից Սերժ Սարգսյանն ընտրվի, ապա Հայաստանում լրջագույն հայաթափում է լինելու. մեր հասարակության 40%-ը դուրս է գալու երկրից»:

Իսկ ասուլիսի մյուս բանախոսի՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Կարեն Կարապետյանի պրոբլեմն ավելի շատ կադրերն են. «Այդ թվում՝ իր իսկ նշանակած կադրերը: Կարեն Կարապետյանի «դրայվին» կառավարության անդամներից շատ քչերը դիմացան: Ես կարծում եմ, որ նա շատ արագ կսկսի փոխել կառավարության անդամներին, որոնք չեն հասցնում այդ տեմպին, հակառակ պարագայում ինքը չի հասցնի իր տեմպին: Պատահական չէր նրա կողմից մատ թափ տալը, դա նշանակում է, որ նա պատրաստ է փոխել կադրերին»:

Քաղտեխնոլոգը նաև նշեց, որ Կարապետյանի ղեկավարման շրջանում դրական փոփոխություններն ակնհայտ են: Հարցին, թե ի՞նչ դրական փոփոխություններ են տեսանելի, նա այսպես պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում. երկու ամսում քանդված երկիրը պետք է Սինգապո՞ւր դառնար»:

Տեսանյութեր

Լրահոս