«Ո՞ւմ հանձնենք. 80 կուսակցություն կա, ո՞ր մեկին հանձնենք». Սուքիաս Ավետիսյանը՝ Ժասմինա Ղևոնդյանին

ՀԴԿ փոխնախագահ Ժասմինա Ղևոնդյանի խոսքով՝ ավելի բարոյական կլիներ, եթե ՀՀԿ-ն առհասարակ մրցապայքարից դուրս գար և ասեր, որ տասը տարի շարունակ ղեկավարել են, բայց ոչնչի չեն կարողացել հասնել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ՀՀԿ-ն դաշտը պետք է հանձնի մյուսներին:

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նրա խոսքերին այսպես արձագանքեց. «Ո՞ւմ հանձնենք: 80 կուսակցություն կա, ո՞ր մեկին հանձնենք»: Ի պատասխան՝ Ժ. Ղևոնդյանն ասաց՝ թեկուզ իրենց կուսակցությանը.

«Ոչ արտագաղթն եք կասեցրել, ոչ մեր հանրապետությունն է զարգացում ապրել: Ինչպես վարչապետն ասաց՝ մեր տնտեսությունը շատ ծանր վիճակում է. ո՞վ է դրա մեղավորը, իհա՛րկե ՀՀԿ-ն»:

Սուքիաս Ավետիսյանը նորից միջամտեց. «Տիկին Ղևոնդյան, հանձնենք, բայց հաստատ ընդհանուր հայտարարի չեք գա: Կստացվի խաթաբալա»:

Իսկ ՀԴԿ փոխնախագահն այն կարծիքին է, որ իրենց մոտ կստացվի: «Սահմանադրությունով սահմանում եք, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է: Բայց արդյո՞ք սոցիալական պետության մեջ հիվանդ մարդուն ձեռք չեն մեկնում, և պետությունը հիվանդ մարդու հաշվին փող է աշխատում: Ինչո՞ւ չանցնել անվճար առողջապահությանը: Մեր պետությունը նմանվել է մի մեծ հայոց ընտանիքի, որտեղ մայրը բացակայում է, հայրը զբաղված է այլ գործերով, չի հետաքրքրվում իր ընտանիքով, այդ բնակարանը շատ կեղտոտ է, իսկ մեծ և ճարպիկ երեխաները խլել են փոքրերի, ավելի թույլերի հացը և չաղ ու բախտավոր են արդյունքում, իսկ մյուսներն էլ լացակումած թափառում են»,- ասաց նա՝ նկատելով, որ կանանց դերը պետք է բարձրանա խորհրդարանում:

Անդրադառնալով «1000 դրամի» մասին օրենքին՝ նա ասաց, որ անարդար օրենք է. «Անարդար է, որ նախարարն էլ պետք է հազար դրամ տա, սովորական քաղաքացին էլ։ Շատ ավելի արդար կլիներ, եթե դա լիներ մեկ տոկոսի օրենք»։

Նա նաև հավելեց, որ Սուքիաս Ավետիսյանն այնպես է խոսում, կարծես Շվեյցարիայի մասին խոսելիս լինի:

Տեսանյութեր

Լրահոս