Բաժիններ՝

Գավառի արվեստի դպրոցի սան Սաթենիկ Սահակյանը հաղթանակով է վերադարձել «Ռիգա­ Սիմֆոնի-­2016» մանկապատանեկան մրցույթ­ փառատոնից

Գավառ քաղաքի արվեստի դպրոցի սան Սաթենիկ Սահակյանը վերջերս ոսկե եւ արծաթե մեդալներով է վերադարձել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից: Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրեց Գավառի արվեստի դպրոցի վոկալի մասնագետ, Սաթենիկի ուսուցչուհի Լիա Տոնոյանը, Սաթենիկը պրոդյուսեր Արմանդո Ղուկասյանից հրավեր է ստացել՝ մասնակցելու ամենամյա երաժշտական փառատոնին, որն անցկացվում է Ռիգայում:

Նոյեմբերին տեղի է ունեցել հայտերի ընդունումը, մասնակիցների ընտրությունը, որոնց թվում ընտրվել է նաեւ Սաթենիկ Սահակյանը: «Փառատոնին մասնակցում էին 24 երկրների ավելի քան 250 մասնակից՝ երաժշտական 5 անվանակարգերում՝ համաշխարհային հիթ, ջազ, ֆոլք, հեղինակային կատարում, Լատվիացի կոմպոզիտորի ստեղծագործություն: Հանձնաժողովի կազմը բաղկացած էր 32 տարբեր երկրների ներկայացուցիչներից՝ Հայաստան, Լատվիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Ռուսաստան, Ֆինլանդիա, Բելառուս, Մալթա, Իտալիա, Ղազախստան»,­պատմեց Լիա Տոնոյանը:

Սաթենիկ Սահակյանը մրցույթ­փառատոնին հանդես է եկել երկու կատարումով՝ համաշխարհային հիթ եւ ջազ: Համաշխարհային հիթ անվանակարգում Սաթենիկը իր երաժշտական կատարումով մրցակցել է 90 մասնակցի հետ, իսկ մյուս՝ ջազ անվանակարգում ներկայացել Արթուր Գրիգորյանի «Մեղեդի» կատարումով՝ մրցելով 250 մասնակցի հետ: Արդյունքում՝ ջազ անվանակարգում Սաթենիկն արժանացել է հաղթողի պատվին՝ ստանալով ոսկե մեդալ եւ ոսկե դիպլոմ, համաշխարհային հիթ անվանակարգում՝ արծաթե մեդալի ու դիպլոմի:

Հաղթող 1­-ին, 2-­րդ, 3-­րդ տեղի մասնակիցներին ընդունել եւ մրցանակները հանձնել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը:Սաթենիկ Սահակյանի հաղթական երաժշտական արշավը շարունակվել է նաեւ Բելառուսում, որտեղից նա հրավեր էր ստացել՝ մասնակցելու «Զորնյա Կվետկի» երաժշտական մրցույթին:

Ռիգայից անմիջապես Սաթենիկը մեկնել է Մինսկ, որտեղից էլ վերադարձել է պատվոգրերով ու վկայականներով: Մինսկում եւ Ռիգայում, փառատոններից բացի, 14­ամյա երգչուհին մասնակցել է մի շարք շրջագայությունների, վարպետաց դասերի: Սաթենիկի վոկալի ուսուցչուհին հայտնեց նաեւ, որ Սաթենիկի համար երգիչ, երաժիշտ, երգահան Նիգ Եգիբյանը հեղինակային երգ է գրել, որի կատարումով Սաթենիկը մասնակցել ու հաղթանակների է հասել հայաստանյան տարբեր փառատոններում:

Այս օրերին էլ Սաթենիկը հանդես է եկել կոմիտասյան թեմայով կազմակերպված «Զվարթնոց վերածնունդ» փառատոնին եւ դարձյալ մրցանակային տեղ գրավել:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս