«Կանայք հայոց աշխարհի, հանդարտ… Այստեղ են ասել՝ ա՜խ, Զառա, Զառա, քեզ ձայն տալը շառ ա». Շարմազանովի արձագանքը՝ Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո
«Կարող ենք ավելի հնչեղ վերնագիր դնել օրենքի նախագծին, բայց դրանից նախագծի էությունը չի փոխվելու: Իհարկե, ես կարծում եմ, որ սա հրեշավոր նախագիծ է, որովհետև վերաբերելու է ապագա պատերազմական գործողություններին և պատերազմին ու այդ գործողությունների հետևանքով սպասվող զոհերին և վիրավորներին»,-այսօր ԱԺ արտահերթ նիստում նման տեսակետ հայտնեց ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո կորցրել ենք ոչ միայն զինվորներին, այլև տարածքային կորուստներ. «1994թ. Լելե Թեփեի բարձունքն ազատագրելու համար մենք կորցրել էինք 400 զինվոր և այդ բարձունքը պահելու համար մենք չենք ունեցել ո՛չ համապատասխան տեխնիկա, ո՛չ էլ այդ տեխնիկան ապահովող վառելիք: Դրա մասին վկայում է Հելսիանկյան կոմիտեի վերջերս հրապարակած զեկույցը, որտեղ հստակ նշվում է, թե ինչ է տեղի ունեցել քառօրյա պատերազմի օրերին ու ինչի պատճառով ենք մենք ունեցել այդքան զոհ: Այդ 4 օրերի ընթացքում մենք ունեցել ենք 100-ից ավել զոհեր, որոնցից 20-ը զոհվել է ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով ու ըստ այս հրեշավոր նախագծի՝ այդ դեպքում ծնողը ոչինչ չի ստանալու»:
Նրա խոսքով՝ սա կոռուպցիոն նախագիծ է, «հիմնական կոռուպցիոներ Սերժ Սարգսյանի համար» ստեղծված հիմնադրամ, որն ըստ պատգամավորի՝ ժողովրդից ու այլ կոռուպցիոներներից հավաքագրելու է գումարներ՝ նախընտրական շեմում նոր հիմնադրամ ստեղծելու համար. «Ապրիլյան պատերազմը պայմնանավորված է եղել, պատերազմական գործողությունը մեզ համար կանխատեսելի է եղել, մենք իմացել ենք, բայց համապատասխան միջոցներ չէինք ձեռնարկել, որպեսզի լինեին այդ քանակով զոհեր ու որպեսզի նորից վախեցնեին մեր ժողովրդին, մեր հանրությանը: Հիմա այս գործողությունների ու մեր պարտության պատասխանատուները եկել են ու նոր օրենք են ներկայացնում՝ նորից գումարներ հավաքագրելու: Առաջինը մենք պետք է պատասխանատվության կանչենք Սերժ Սարգսյանին, հետո բոլոր նրանց, ովքեր պատասխանատու էին: Քրեական հետապնդում պետք է իրականացվեր. ո՞ւր է, կա՞ քրեական հետապնդում»:
Պատգամավորը նկատեց՝ որպեսզի բանակն ուժեղ լինի, պետք է մեր զինվորը պաշտպանված լինի, Արցախը ճանաչված լինի, Հայաստանի հետ ունենա ռազմական փոխօգնության համաձայնագիր:
Զարուհի Փոստանջյանի հուզված ելույթից հետո ՀՀԿ-ական կին պատգամավորներն սկսեցին տեղից բղավել:
Նրանց փորձեց լռեցնել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Կանայք հայոց աշխարհի, հանդարտ… Այստեղ են ասել՝ ա՜խ, Զառա, Զառա, քեզ ձայն տալը շառ ա»:
«Էս էլ ձեր գենդերը. տեսնենք՝ վերջն ինչ պիտի լինի»,- արձագանքեց նաև հաջորդ ելույթ ունեցողը՝ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: