Պալմիրայում սպանվել է ԴԱԻՇ-ի ավելի քան 300 գրոհային. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի բանակի և ռուսական ավիացիայի գործողությունների հետևանքով Պալմիրայում սպանվել է ԴԱԻՇ-ի ավելի քան 300 գրոհային, որոնք փորձում էին գրավել քաղաքը:
«Անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի ռազմատիեզերական ավիացիայի ակտիվ աջակցության շնորհիվ սիրիական կառավարական զորքերը հետ են մղել ահաբեկիչների բոլոր հարձակումները Պալմիրայի ուղղությամբ: Գրոհայինները ակտիվորեն օգտագործել են մահապարտ ահաբեկիչների՝ ականապատված ավտոմեքենաներով, զրահատեխնիկա ու ռեակտիվ հրետանի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Զինյալների դիրքերին հասցվել է 64 ավիահարված, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցերով մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ ներկայումս Պալմիրայի շրջանում մարտեր են ընթանում քաղաքի ծայրամասերում, որտեղ այգիներն են գտնվում:
Նախօրեին Սիրիայի բանակից հայտնել էին, որ Պալմիրա են ուղարկվել հավելյալ ուժեր՝ քաղաքի պաշտպանությունը ուժեղացնելու համար:
Զորքերի մի մասն ուղարկվել է Հալեպ, որտեղ կառավարական բանակը շարունակում է մարտերը զինված ընդդիմության դեմ: