Բաժիններ՝

Հայաստանի և Արցախի նախագահները գոհ են մնացել առաջնագծում կատարված մեծածավալ աշխատանքներից

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների նախագահների` Պաշտպանության բանակ և, մասնավորապես, առաջնային գիծ այցի նպատակն էր ապրիլյան գործողություններից հետո ևս մեկ անգամ անմիջականորեն ծանոթանալ կատարված աշխատանքներին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: «Այցի նպատակն էր, որ նախագահները ևս մեկ անգամ անմիջականորեն ծանոթանան, տեսնեն, շոշափեն, թե ինչ աշխատանքներ են կատարվել վերջին ժամանակահատվածում, հատկապես ապրիլյան գործողություններից հետո: Ասեմ, որ ահռելի մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել բոլոր ուղղություններով, և այդ ամենը մենք ներկայացրել ենք նախագահներին, նախանշել մեր հետագա անելիքները, թե առաջնագծում ինչպիսի աշխատանքների անհրաժեշտություն կա:

Մենք չենք տարանջատում առաջնային գիծն ու մշտական տեղակայման վայրը: Նրանց ենք ներկայացրել նաև մշտական տեղակայման վայրում իրականացված աշխատանքները, մասնավորապես, բարելավվել է մեր զինվորների առօրյան, կենցաղը, այս ուղղությամբ ևս աշխատանքները շարունակվում են»,­- «Արմենպրես»­-ի փոխանցմամբ, ասել է Մնացականյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենց ուշադրության կենտրոնում առաջին հերթին առաջնագիծն է և զորքերի պատրաստության մակարդակը:

ԼՂՀ պաշտպանության նախարարի խոսքով` կատարված աշխատանքների հետ միասին նախագահներին են ներկայացրել նաև այն, ինչը որոշակի խոչընդոտների է հանդիպել: «Իհարկե, այդ ուղղությամբ իրենց միջամտության անհրաժեշտությունը կա և տեղում ցուցումներ են տրվել բոլոր հարցերի առնչությամբ: Մոտ ապագայում այդ ուղղություններով աշխատանքները նոր թափ կստանան և կաշխատենք համապատասխանեցնել մի այնպիսի մակարդակի, որ և մարտական խնդիրը կատարվի, և մշտական տեղակայման վայրում մարտական պատրաստությամբ արդյունավետ զբաղվենք»,-­ ասել է Մնացականյանը:

Խոսելով առաջնագծում կատարված աշխատանքների մասին` Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ դրանք վերաբերում են կահավորվածությանը, անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, խնդրի արդյունավետ կատարմանը, անվտանգության աստիճանի բարձրացմանը թե զինվորի, թե բնակավայրի և թե բնակչության համար:

«Այսինքն բոլոր ուղղություններով: Իհարկե, նախագահները գոհ եղան, նաև կան հարցեր, որոնց ուղղությամբ ցուցումներ տվեցին: Իհարկե, անելիքներ կան, ու այդ աշխատանքները պետք է շարունակվեն: Մենք տարեցտարի պետք է բարելավենք մեր զինվորի կենցաղը, որովհետև կենցաղից է գալիս մնացած ամեն ինչ»,-­ շեշտել է Լևոն Մնացականյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս