«Գյուղատնտեսության նոր նախարարը խելացի մարդ է, բայց գյուղատնտեսությունից բան չի հասկանում». Սարգիս Սեդրակյան

«Գյուղատնտեսության նոր նախարարը պարկեշտ, կուլտուրական, գրագետ, խելացի անձնավորություն է: Իր հետ ցանկացած թեմայից կարելի է խոսել՝ բացի գյուղատնտեսությունից. գյուղատնտեսությունից բան չի հասկանում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Նրա խոսքով՝ շատ բարդ է ոչ մասնագետի հետ քննարկում անցկացնելը.

«Ասում ես՝ լավ, ո՞նց ասենք, որ այս մարդը հասկանա՝ ինչի մասին է խոսքը: Այսօր գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել: Վերջերս վարկերի մասին բավականին խոսվեց: Տարիներ շարունակ խաբում են, բայց ոչ ոք պատասխան չի տալիս դրա համար: Այսօր գյուղացուն անհրաժեշտ է մեքենա-տրակտորային պարկ, որպեսզի մատչելի գներով վար ու ցանք կատարեն: Պետությունը չի ցանկանում որևէ պատասխանատվություն վերցնել իր վրա: Պետք է վար ու ցանքի համար հստակ սակագներ սահմանվեն: Մենք երկու ծրագիր ներկայացրել էինք Իգնատի Առաքելյանին, բայց մարդը չի էլ նայել դրանք, ասում է՝ ոնց, դուք ծրագի՞ր եք ներկայացրել: Մենք պատրաստակամ ենք, ձեռք ենք մեկնում կառավարությանը, Գյուղնախարարությանը, որպեսզի օգնենք զարգացնել գոյւղատնտեսությունը: Բայց նրանք կարծես չեն ուզում, իրենց համար միևնույն է՝ գյուղացին սովամահ կլինի, կարտագաղթի: Այսպես երկիր չեն պահում»:

Ս. Սեդրակյանը, միևնույն ժամանակ, նշեց, որ Կարեն Կարապետյանի հետ մեծ հույսեր է կապում. «Մենք վարչապետի կողքին ենք, բայց, օրինակ՝ գյուղնախարարը ոչ մի բան չի անում: Մենք չենք տեսել նրա արած գործը»:

Մեր հարցին՝ ի՞նչ է կարծում՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ինչո՞ւ է Իգնատի Առաքելյանին նշանակել այդ պաշտոնին, նա պատասխանեց, որ վարչապետը սխալ ընտրություն է կատարել.

«Կարող է՝ ուրիշ մարդ է ասել, որ նրան նշանակի, չեմ կարող ասել, դա նրանց ներքին խոհանոցն է, բայց, համենայնդեպս, մենք դժգոհ ենք: Մենք հիասթափություն ապրեցինք: Որպես մարդ՝ Իգնատի Առաքելյանը շատ լավն է, բայց որպես մասնագետ՝ չգիտեմ…»,- ասաց նա՝ նկատելով, որ գյուղատնտեսության նոր նախարարը ոչ մի քայլ չի կատարում:

«Ֆերմերային շարժումի»  նախագահը նաև նշեց, որ առաջիկայում հանդիպում ունեն ՀՀ Ֆինանսների նախարարի հետ, իսկ հետագայում ցանկանում են հանդիպել նաև վարչապետ Կարեն Կարապետյանին և ներկայացնել իրենց ծրագրերը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս