«Գյումրին ունի ֆանտաստիկ շանս՝ դառնալու Հայաստանի զբոսաշրջության մայրաքաղաք». Կարեն Կարապետյան

«Մենք մշակել ենք մեթոդաբանություն, և յուրաքանչյուր համայնք պետք է ներկայացնի իր զարգացման ծրագիրը, այդ թվում և՝ Գյումրին: Կառավարությունում դրանք քննարկվելու են ու ավելացվելու են մեր ճյուղային նախարարների զարգացման ծրագրերը, որոնք նայելու ենք Տարածքային կառավարման և զարգացման նախարարության պրիզմայով, որպեսզի որոշակի կոորդինացում լինի: Գյումրու ծրագիրը նույնպես քննարկելու ենք՝ մի քիչ ավելի ուշադիր: 2017թ. Գյումրու բնակարանային պահանջարկը լուծվելու և ավարտվելու է:

Այդ պնդման հետ Գյումրիում բազմաթիվ մարդիկ կան, որ համաձայն չեն, և մենք պայմանավորվել ենք, որպեսզի անցնենք այդ ցանկով: 28 տարի է անցել, 28 տարվա մեջ նոր սերունդ է ծնվել-մեծացել, և այն պահանջարկը, որը կար, մեծանում է: Այս առումով, ինչ վերաբերմունք ցույց կտանք, այդ քննարկումների ընթացքում մենք կնայենք»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցի, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Պատգամավորը խնդրել էր նաև վարչապետին մանրամասնել, թե ինչպես է պատկերացնում Գյումրին զգոսաշրջային կենտրոն դարձնելը, և վարչապետը նշեց, որ Գյումրին ունի ֆանտաստիկ շանս՝ դառնալու Հայաստանի զբոսաշրջության մայրաքաղաք: «Մենք Գյումրու քաղաքապետի հետ քննարկել ենք, որ իրենք ՏՏ ոլորտի երիտասարդների հետ փորձեն մաքսիմալ ծրագրեր ներկայացնել: Գյումրու նեղ փողոցները, այդ ամենը ֆանտաստիկ կարողություն է: Մեծ ծրագիր է, մեծ կապիտալ ծախսեր ունի, դրա գումարներն այս պահին այդքան էլ չունենք: Բայց, որպեսզի կարողանանք զարգացնել և բիզնես նախաձեռնություն էլ լինի, այդ ազդակները սկսեն աշխատել, ինքը կարող է մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ: Շատ հետևողական այդ ուղղությամբ գնալու ենք»:

Տեսանյութեր

Լրահոս