«Գյուղմթերք արտադրող գյուղացիների վիճակն աղետալի է». Լևոն Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ գյուղմթերք արտադրող գյուղացիների վիճակն աղետալի է: Այսօր ԱԺ-ում իր ելույթում նա նշեց, որ դեկտեմբերի 4-ին եղել են Արմավիրի մարզի գյուղերում, բայց միայն այնտեղ չէ այդ վիճակն, այլ ամենուրեք.

«Մեծամասնությունը վերցրել է գյուղատնտեսական վարկեր՝ գրավադրելով տները, ու հիմա, մի քանի տարվա ցրտահարումից և կարկտահարությունից հետո ուղղակի ի վիճակի չէ վճարել պարտքերը՝ հայտնվելով բանկերի, դատարանների և ԴԱՀԿ-ի ճնշումների ներքո:

Խնդիրը ոչ թե մի քանի անբարեխիղճ աշխատողների է վերաբերում, այլ, ըստ էության, բոլորին: Այսինքն՝ սա համակարգային խնդիր է, որով պետք է զբաղվի պետությունը: Վարկերի աներևակայելիորեն բարձր տոկոսադրույքը (24%), որը գյուղատնտեսական վարկը վերածում է սպառողականի, ի սկզբանե դատապարտում է գյուղացիական տնտեսությանն անվճարունակության»:

Նրա խոսքով՝ կուտակված տույժերն ու տուգանքները կրկնապատիկ կամ եռապատիկ գերազանցում են վարկի մայր գումարը. ««Սպայկա» ընկերության և մաքսակետերի անօրինական համագործակցությամբ, արհեստական խոչընդոտներով դժվարացել է իրացումը՝ գյուղացուն պարտադրելով աննպաստ գներ: Գյուղատնտեսական վարկերի տոկոսավճարները սպասարկելու նպատակով պետության կողմից տրամադրվող առանց այդ էլ փոքր ծավալի սուբսիդիաները վատնվում են: Մարդիկ չեն հրաժարվում վճարելուց, սակայն, խորացող պարտքային փոսից դուրս գալու հեռանկարի բացակայությունը դատապարտում է տասնյակ-հազարավոր մարդկանց չքավորության՝ գցելով անհուսության գիրկն ու մղելով արտագաղթի»:

Այս ամենի հետևանքով, ըստ նրա՝ տուժում են բոլորը. աճում են բանկերի անհուսալի ակտիվները, աճում է աղքատությունն ու գործազրկությունը, կրճատվում են իրացման ծավալներն ու առևտուրը՝ ազդելով ՀՆԱ-ի վրա:

«Խնդիրը վերաճել է պետական, տնտեսական անվտանգության խնդրի, և պետությունը պարտավոր է գտնել համակողմանի համալիր լուծում: ՀԱԿ-ը պահանջում է առնվազն կրկնապատկել գյուղացիական վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, գյուղատնտեսությունում տրված բոլոր արտարժութային վարկերը վերածել դրամայինի, բանկերից ձեռք բերել մինչև 3 մլն դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման հնգամյա ժամկետ՝ առանց տոկոսադրույքների հաշվարկման: 3 մլն դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8%-ով: Պահանջում ենք նաև՝ անհապաղ դադարեցնել ԴԱՀԿ-ի կողմից բռնագանձման բոլոր գործողությունները, ազատել գյուղմթերքների իրացման շուկան, վերացնել «Սպայկա» ընկերության ապօրինի մենաշնորհը»:

Տեսանյութեր

Լրահոս