«Աուդին» 8 տարով է մեծ Ադրբեջանից, իսկ «Մերսեդես Բենցը»` 2 տարով: Ինչո՞ւ է աղմկում Ալիևը

«Ինչո՞ւ է աղմկում Ալիևը: Շատ պարզ է` ինչու է աղմկում: Աղմկում է, որովհետև բանակցային գործընթացում ոչ դրական իրավիճակում է գտնվում, փակուղի է մտել հենց Ադրբեջանի պատճառով, և միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղմկահարույց հայտարարությունը, թե մոտ ժամանակները պատերազմ չի սկսի Արցախում, այլ կսպասի, որ Հայաստանը դատարկվի բնակչությունից, որից հետո կվերականգնի պատմական արդարությունը, և Ադրբեջանը կստանա իր «պատմական հողերը»՝ Գորիսն ու Երևանը:

Ըստ Է. Շարմազանովի` այս տարիների ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունն առաջին անգամ է բարձրաձայնում բանակցային գործընթացում իր ոչ շահեկան դիրքերի մասին: Նա նշեց, որ մի քանի անգամ խորհուրդ է տվել Ադրբեջանի ղեկավարությանը՝ պատմական հողերի հետ կապված ընթերցել հին հունական, հռոմեական պատմիչներին, սակայն նրանք հայտնի կենդանու համառությամբ՝ դա չարեցին:

«Դրանից հետո ես առաջարկեցի, քանի որ իրենք ճանապարհորդել շատ են սիրում՝ լինել Հռոմում և տեսնել հին աշխարհի քարտեզը, այնտեղ հաստատ կգտնեն Հայաստանը, բայց չեն գտնի Ադրբեջանը: Դա էլ չարեցին: Հիմա երրորդ առաջարկս` քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ է սիրում երթևեկել թանկարժեք ավտոմեքենաներով, ընդամենը մի հորդոր` թող կարդան «Աուդիի» կամ «Մերսեդես Բենցի» պատմությունը և կիմանան, որ «Աուդին» 8 տարով է մեծ Ադրբեջանից, իսկ «Մերսեդես Բենցը»` 2 տարով»,- ասաց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս