«Ընտրություններին շատ հետաքրքիր սյուրպրիզներ կլինեն, նաև` անհատների առումով». Խաչատուր Քոքոբելյան
Շրջանառվող լուրերը, թե իբր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը բանակցում է «Համախմբում» և «Ազատություն» կուսակցությունների հետ, նաև, որ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» միացյալ դաշինքում ընդգրկվելու մերժում է ստացել, «կեղծ, թափառող լուրեր» են: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Նա չպարզաբանեց, թե ո՞ր ուժերի հետ են հնարավոր համարում դաշինք կազմելը.
«Մենք ընտրություններին մասնակցելու ենք սեփական` ընդլայնված և լայն կոնսոլիդացված ցուցակով: Ասել եմ, հիմա էլ եմ ասում` շատ հետաքրքիր սյուրպրիզներ կլինեն: Նաև` անհատների առումով»:
Թե ինչո՞ւ Անուշ Սեդրակյանը հեռացավ «Ազատ դեմոկրատներից», Խ. Քոքոբելյանը նշեց, որ ինքը շատ հարգում է Անուշ Սեդրակյանի հետ համատեղ աշխատանքը, և, որ ամենադժվար պահերին Սեդրակյանն իրենց հետ է եղել, բայց դա նրա որոշումն էր, և այդ մասին բոլոր հարցերը պետք է ուղղել նրան: