«Թուրքիան աջակցում է ԼՂ կարգավորմանն ուղղված ՌԴ-ի ջանքերին». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ հայտարարել է, որ Ալանիայում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ղարաբաղյան հակամարտության թեման։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն բանակցություններ էին վարել հինգշաբթի օրը Ալանիայում, իսկ ուրբաթ ուրբաթ երեկոյան Թուրքիայի արտգործնախարարը մեկնել էր Բաքու։
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ղարաբաղյան թեման քննարկվել է։ Ռուսաստանը զբաղված է ղարաբաղյան հարցի կարգավորմամբ։
Ընդգծվել է այդ հակամարտության կարգավորման կարևորությունը։ Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ արված Ռուսաստանի ջանքերին»,-հայտարարել է Չավուշօղլուն Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետո հրավիրված մամլո ասուլիսում:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։