«ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ». Պենտագոն
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը, ելույթ ունենալով Կալիֆոռնիայի անվտանգության ֆորումում, հայտարարել է, որ Ամերիկան պետք է հնարավորություններ պահպանի՝ համագործակցելու Ռուսաստանի հետ այն ուղղություններով, որտեղ երկու երկրների շահերը համընկնում են, հայտնում է RIA Novosti-ն:
Նման մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ նա անվանել է «հավասարակշռված»:
Ամերիկացի նախարարը քննադատել է Ուկրաինայում և Սիրիայում ՌԴ-ի գործողությունները, ինչպես նաև մեղադրել է Մոսկվային կիբերհարձակումներում:
Նրա կարծիքով՝ «դրանք այն գործողությունները չեն, որոնք հնարավոր է սպասել իր քայլերի համար պատասխանատվություն կրող պետությունից»:
Միաժամանակ, Քարտերն ընդգծել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում «ո՛չ Սառը, ո՛չ էլ առավել ևս թեժ պատերազմ Մոսկվայի հետ»:
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում ի դեմս Ռուսաստանի տեսնել թշնամու, սակայն պաշտպանելու է իր դաշնակիցներին: