10 մլն դրամ տուգանք՝ Հյուսիսային պողոտայում առանց ծանուցման առևտուր իրականացնելու համար
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՎԵՐՆԻՍԱԺ 1» և «ՀԱՆՔԱՇԱՐ» ՍՊԸ-ների միջև ապրիլի 4-ին կնքվել է 265 քառ.մ տարածքի նախնական վարձակալության պայմանագիր: Վարձակալած տարածքը՝ Հյուսիսային պողոտայում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին, «ՎԵՐՆԻՍԱԺ 1»-ն իր հերթին վարձակալությամբ տրամադրել է տարբեր տնտեսվարողների՝ առևտրային գործունեություն իրականացնելու համար: «Առևտրի և ծառայությունների մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքների համաձայն՝ այդ ընկերությունն իր գործունեության մասին պարտավոր էր ծանուցել ՀՀ ֆինանսների նախարարությանը:
Այսպիսով, «ՎԵՐՆԻՍԱԺ 1» ընկերությունը, խախտելով օրենքի պահանջը, առանց ծանուցման զբաղվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպմամբ: Խախտում կատարած տնտեսվարողին առաջադրվել է տուգանք՝ թույլտվության կամ ծանուցման տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի՝ 10 մլն դրամի չափով: