Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց նախարարներին և ժամկետներ սահմանեց
ՀՀ կառավարության նիստից առաջ վաչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց:
Հանձնարարականներից առաջինը վերաբերում էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Նա նշեց, որ վերջին օրերին Սպառողների միության ներկայացուցիչների, գործարարների հետ հանդիպման ընթացքում բավական շատ է խոսվել սննդի անվտանգության պաշտպանության ծառայության մասին:
«Պարո´ն Առաքելյան, Ձեզ հանձնարարություն՝ հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները և դժգոհությունները՝ ուսումնասիրել հարցը՝ շեշտը դնելով նաև այն հարցի վրա՝ լաբորատորիան պետք է լինի այդ վարչությա՞ն մեջ, թե՞ պետք է լինի անկախ, և տալ առաջարկություն: Երկրորդ՝ սեփականաշնորհված ակտիվներ, գույք՝ բազմաթիվ տարիների ընթացքում, որոնք այսօր չեն աշխատում: Ուստի հանձնարարում եմ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ նախևառաջ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել և ներկայացնել չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված տնետեսական, իրավական կամ այլ մեխանիզմների ներդրման համակարգային առաջարկություն:
Ինչի մասին է խոսքը՝ բոլորս հասկանում ենք. մենք պետք է փորձենք սեփականատերերին մոտիվացնել և ակտիվացնել, որպեսզի այդ գույքն աշխատի:
Գնումների վերաբերյալ՝ երրորդ հարցը: Մենք խնդիր ունենք գնումները կանոնակարգելու: Ելնելով դրանից՝ աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվում է քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություն, թե որ ապրանքներն ու ծառայություններն է նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով:
Միաժամանակ պետք է առաջարկվեն գնման մեխանիզմներ: Մենք գնումներ կազմակերպող բազմաթիվ կազմակերպություններ ունենք, և կարծում եմ՝ այստեղ ծախսերի նվազեցման և գների ճշտման ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ»:
Վարչապետը գործադիր իշխանության բոլոր մարմիններին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և առաջարկներ ներկայացնել դրանց թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ:
Նրա խոսքով՝ ՊՈԱԿ-ների գործունեությունը նպատակահարմար համարելը պետք է հիմնավորված լինի, գործառույթները պետք է լինեն հստակ և չկրկնվող:
Կարեն Կարապետյանն ասաց, որ կան բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, որոնք հաստատուն ծախսեր ունեն, և իր համար, գոնե առաջին շրջանում, հասկանալի չէր, թե նրանց օգուտը որն է: Նա նշեց, որ այդ ամենը պետք է շատ խիստ, կոշտ վերանայել, յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինչ նպատակի է ծառայում: Նույնը վերաբերում է ԾԻԳ-երին, որոնք գնումների գործընթացով են զբաղվում:
Կարեն Կարապետյանը Սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ մշակույթի, ՀՀ քաղաքաշինության նախարարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը և առաջարկ ներկայացնել:
Կարեն Կարապետյանը, խոսելով տարածքների համաչափ և տնտեսական զարգացման ոլորտի մասին՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համագործակցելով էկոնոմիկայի, սպորտի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հետ՝ ուսումնասիրել բոլոր ոլորտների՝ 2017թ. բյուջեի նախագծի թեմատիկ դաշտերը և ներկայացնել առաջարկներ տարածքների զարգացման ռազմավարությանը համապատասխանեցնելու նպատակով, որպեսզի «մենք ունենանք հասկանալի վեկտոր՝ ուր ենք գնում»:
Վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում վերանայել և լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանությունը՝ չափելի և հսկելի պահանջներ դնելով համայնքային զարգացման ծրագրերի նկատմամբ:
Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերը պետք է ապահովեն տնտեսական զարգացում: Նա ասաց, որ յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր ղեկավար պետք է ունենա «հորիզոն, թե ինչ է ուզում, որ այդ բնակավայրում լինի, պետք է ծրագիր ունենա, պետք է ունենա երազ, թե ինչ քաղաք, գյուղ, համայնք է պատկերացնում»: Նա հանձնարարեց մեթոդաբանությունը մաքսիմալ պարզ դարձնել, փաստաթուղթը պետք է լինի ընթերցելի, հասկանալի, պրագմատիկ: