Վարդևան Գրիգորյանը՝ որդու մահվան մասին. «Հայկական Ժամանակ»

Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանն անբարոյականություն եւ լկտիություն է անվանում որդուն՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանին սպանելու եւ դին ավտոտնակում դնելու վարկածը: Այդ մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, մամուլում հակասական տեղեկություններ են շրջանառվում ձեր որդու մահվան հանգամանքների մասին, խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է իրականում եղել:

– Ես այն վիճակում չեմ, որ ինչ-որ բան ասեմ, բայց մի բան կասեմ. շահարկում են մարդու ողբերգությունը, սենսացիաներ փնտրում, հիմա էլ գրում են, թե իբր սպանել են, հետո բերել-դրել են ավտոտնակում: Դա, առնվազն, անբարոյականություն է, լկտիություն, հենց այդպես էլ գրեք:

– Այսինքն, ինքնասպանությո՞ւն է տեղի ունեցել իրականում:

– Ես չեմ կարող ասել, որովհետեւ դատաբժշկական փորձաքննությունը պետք է տա եզրակացությունը: Երբ, որ տա՝ ինձ թվում է բոլորը կիմանան: Այդ վարկածն ավելի հավանական է, բայց էլի եմ ասում, դրա պատասխանը տալու է փորձաքննությունը: Իրավապահների նախնական կարծիքը դա է, որ ինքնասպանություն է:

– Իսկ ձեր կարծիքը ո՞րն է:

– Եթե տանն է եղել, չեմ կարծում, որ որեւէ մեկը կհամարձակվեր:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Դե նկատի ունեմ՝ տանն է եղել: Հասկացա՞ք:

– Զառերով պաստառի պատմությունը կապ ունե՞ր ինքնասպանության հետ, թե՝ ոչ:

– Դա, ընդհանրապես, կապ չունի, ընդհանրապես: Որեւէ շահարկում՝ ես ուղղակի խնդրում եմ…Ով շահարկում է՝ իսկապես լկտիություն է անում:

– Այդ դեպքում ինչ-որ խնդիր պետք է ունենար նման քայլի դիմելու համար, որեւէ խնդրի մասին տեղյակ եղե՞լ եք:

– Կներեք, էլ չեմ կարող խոսել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս